կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 02:06
Քաղաքական

Սերժ Սարգսյանը միացել է ՀԱԿ-ին` ավազակապետության դեմ պայքարում

Սերժ Սարգսյանը միացել է ՀԱԿ-ին` ավազակապետության դեմ պայքարում

Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ երկրի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Երկրի գործող ղեկավարի «աննախադեպ պայծառացումը» տեղի է ունեցել կառավարման 3-րդ տարվա վերջում»,- այսօր ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով ՀՀԿ 20 ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի ելույթը:

 

«Սերժ Սարգսյանի վերջին ելույթը հանրապետության նախագահի ելույթ չէր, ընդդիմադիր գործչի ելույթ էր։ Սերժ Սարգսյանը միացել է մեզ և պայքարում է ավազակապետության դեմ»,– հայտարարեց նա։

 

Ըստ Լեւոն Զուրաբյանի` Սերժ Սարգսյանը ճարահատյալ է արել այդ հայտարարությունը, քանի որ գիտակցում է, որ սեփական իշխանության փլուզումն անխուսափելի է:

ՀԱԿ համակարգողը նաեւ ամանորյա մաղթանքներ եւ առաջարկություններ հղեց Սերժ Սարգսյանին: «Քանի որ Սերժ Սարգսյանն է մականունավորներին ներմուծել Հանրապետական կուսակցություն, խորհուրդ եմ տալիս հանել նրանց ՀՀԿ շարքերից և նրանց «օբշչակը» եւ ֆինանսական հոսքերը բացել հասարակության վերահսկողության համար»,– նշեց Զուրաբյանը։

 

Զուրաբյանը մաղթեց դադարեցնել Ռուսաստանի իշխանություններին նմանակելու սովորությունը, քանի որ դա սազական չէ նժդեհյան ոգուն եւ առաջարկեց ստեղծել հայ-եվրոպական պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի Նժդեհի ցեղակրոնության ուսմունքը եվրոպական արժեքներին համապատասխանեցնելու ազգանվեր գործով:

 

«Առաջարկում եմ պաշտոնից ազատել Հայաստանի գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանին»,– նշեց Զուրաբյանը։ Նա այս բոլոր ուղղություններով Սերժ Սարգսյանին բեղմնավոր աշխատանք մաղթեց։ «Թող վստահ լինի, որ բոլոր այն գործերը, որոնք անավարտ կթողնի, մենք կավարտենք»,– ասաց Զուրաբյանը Սերժ Սարգսյանի ոգին բարձր պահելու համար։