կարևոր
757 դիտում, 54 րոպե առաջ - 2026-08-24 19:03
Աշխարհ

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Այցի ընթացքում Սանդուն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կպարգևատրի Հանրապետության շքանշանով՝ ի նշան երախտագիտության ուկրաինացի ժողովրդի քաջության և Եվրոպայում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում նրանց ներդրման համար։

Մայա Սանդուն ընդգծել է, որ Կիևում է՝ ուկրաինացի ժողովրդի կողքին կանգնելու համար։

«Այսօր Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը: Երեք օրից Մոլդովայի Հանրապետությունը կնշի իր տարեդարձը: Ես Կիևում եմ՝ ուկրաինացի ժողովրդի կողքին լինելու համար: Չորսուկես տարի ուկրաինացիները պաշտպանում են իրենց երկիրը և իրենց քաջության շնորհիվ պաշտպանում են խաղաղությունն ամբողջ մայրցամաքում: Մոլդովան խաղաղության մեջ է ապրում նաև այս քաջության շնորհիվ», – ասել է նախագահը։

Սանդուն նշել է, որ նախագահ Զելենսկուն Հանրապետության շքանշանով պարգևատրելը նրա՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում ներդրման ճանաչման նշան է։

Ուկրաինան այսօր նշում է իր անկախության հռչակման 35-ամյակը։ Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներում այսօր պատերազմում զոհված հերոսների հիշատակի արարողություններ են անցկացվում։ Բացի այդ, եվրոպացի առաջնորդներն այսօր հավաքվել են մայրաքաղաք Կիևում՝ վերահաստատելու իրենց աջակցությունն ուկրաինացի ժողովրդին։