Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի հունվարի 26-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան սահմանամերձ գյուղի մշակույթի պալատում հանդիսավորապես նշվեց Հայոց բանակի 28-րդ տարեդարձը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին մարզի պաշտոնական այրերը, հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի զինվորներն ու զինվորականները: Միջոցառմանը մասնակցում էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնն իր գեղարվեստական խմբերով:
Հայ զինվորին տոնական օրվա առիթով շնորհավորանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի պատվիրակության ղեկավար, Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հոգևոր հայրը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Մարուքյանի օրհնությունը և շնորհավորանքները հայրենիքի սահմանները աչալուրջ պահպանող հայ զինվորին: Տեր Տաթևն անդրադարձ կատարեց սահմանային գծից ընդամենը 500 մետր հեռավորությամբ գտնվող Բերդավան գյուղին, նրա հերոսական ժողովրդին, որը ոչ միայն արիաբար պաշտպանում է հայրենիքի սահմանները, այլև ոգեկոչում է հերոսական պատմությունը, հայրենասիրական մշակույթը, տոնում հայ զինվորի փառապանծ հաղթանակները: Տեր Տաթևը սահմանապահ զորամասին որպես տոնական նվեր փոխանցեց Սրբապատկեր՝ զորամասի բոլոր զինվորներին անփորձանք ծառայության և իրենց ընտանիքներ բարի վերադարձի հայրական մաղթանքով:
Բերդավանի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) «Տարոն» պարային համույթի (մշակույթի բաժնի տնօրեն և պարուսույց՝ Սուրեն Աբրամյան), մենակատար Աիդա Բազոյանի, դուդուկի և դհոլի սաների և նրանց ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի կատարմամբ մշակույթի տան կամարների ներքո տարածվեցին ուրախ երգը, պարը, արտասանությունը՝ մթնոլորտը հագեցնելով հայրենասիրության, ազգասիրության, պետականության ու հավատքի անսասանության վեհ զգացմունքներով:
Հավարտ միջոցառման Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, գնահատանքի և օրհնության խոսքում արժևորեց Հայոց բանակի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառումը, կազմակերպիչներին, մասնակիցների և հյուրերի ելույթները, Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեց և բարի ծառայություն մաղթեց բոլոր զինվորականներին:
Միջոցառումն ավարտվեց Դավիթ Ամարյանի և Արսեն Գրիգորյանի (Մրո) կատարումներով և խրոխտ շուրջպարով, որը դարձավ ժողովրդի միասնության, միմյանց թիկունք կանգնելու և անսասան մնալու արտահայտություն: