կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-04 10:38
Հասարակություն

«Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. «Ժողովուրդ»

«Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի թեման քննարկելու ժամանակ նրա կնոջ կողմից կառավարվող «Հայփոստի» թեման շատ շրջանառվեց: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ 2020 թվականից, երբ «Հայփոստ»-ի կառավարումն անցավ պետությանը, ընկերության ֆինանսական պատկերը շարունակում է վատթարանալ մնալ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ժամանակահատվածում «Հայփոստ»-ը կուտակել է շուրջ 4 միլիարդ դրամի վնաս, ինչը լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, Էդուարդո Էռնեկյանից վերցվեց «Հայփոստը» և հանձնվեց Կառավարության կառավարմանը:

Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է 2024 թվքկքնից Շուշան Ալեքսանյանը՝ Հայկ Կոնջորյանի կինը։ Նրա ամսական աշխատավարձը 3.6 մլն դրամ է կամ շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: Տնտեսագիտության պարզ կանոնն ասում է՝ եթե ընկերությունն ավելի շատ է ծախսում, քան վաստակում, ուրեմն այն աշխատում է վնասով։ Դա կարող է պայմանավորված լինել ուռճացված վարչական ծախսերով, բարձր աշխատավարձերով, գործուղումներով կամ պարզապես բիզնեսի զարգացման արդյունավետ ռազմավարության բացակայությամբ։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի ձևակերպմամբ, սովորաբար նման իրավիճակում մասնավոր ընկերությունները կանգնում են երկու ընտրության առաջ՝ կամ սնանկանում են, կամ հիմնադիրը լրացուցիչ ներդրումներ է կատարում՝ պարտքերն ու վնասները ծածկելու համար։ «Հայփոստ»-ի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է. հիմնադիրը պետությունն է, իսկ վնասների բեռը՝ հարկատուների ուսերին։ Դրա վառ ապացույցը կառավարության 2024 թվականի որոշումն է, որով պետական բյուջեի հաշվին «Հայփոստ»-ի կապիտալը համալրվել է մոտ 2 միլիարդ դրամով։ Փաստացի, պետական միջոցներով փակվել են ընկերության ֆինանսական բացերը, սակայն, ինչպես ցույց են տալիս արդյունքները, դա չի հանգեցրել վնասների դադարեցմանը։

Հիմնարկը շարունակում է վնասով աշխատել: Ստացվում է, որ բյուջեից հատկացված միլիարդներով շարունակվում են վճարվել աշխատավարձեր և պահպանվել գործող ծախսերը, մինչդեռ ընկերությունը շարունակում է աշխատել վնասով՝ ակնկալելով պետական նոր ֆինանսավորում։ Սա արդեն միայն տնտեսական խնդիր չէ։ Սա պետական կառավարման արդյունավետության, պատասխանատվության և հանրային միջոցների տնօրինման հարց է։ Եթե տարիներ շարունակ միլիարդավոր դրամներ են ծախսվում, բայց ընկերությունը շարունակում է վնասներ կրել, ապա հանրությունն իրավունք ունի ստանալու մեկ պարզ հարցի պատասխանը՝ ո՞վ է պատասխանատու այս արդյունքների համար և ե՞րբ է դադարելու պետական բյուջեի հաշվին վնասների ֆինանսավորումը»։