Միասին կարող ենք
կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 19:53
Հասարակություն

Բաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումից

Բաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումից

Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, ընդգծվել է, որ տվյալ որոշումն անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։

Մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, թե որոշման մեջ, իբր, օգտագործվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։

Ադրբեջանը մերժում է դատարանի այս որոշումը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ 

ՄԻԵԴ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ի թիվս այլնի՝ Եվրոպական դատարանն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։

Ադրբեջանը, ըստ վճռի, պարտավորվում է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։