Միասին կարող ենք
կարևոր
343 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-13 19:27
Քաղաքական

Լայնածաված թրքացման պրոցես է սկսել Հայաստանում․ հունիսի 7-ն այդ շղթան կտրելու հնարավորություն է․ Իշխան Սաղաթելյան

«Իհարկե, այսօր եղանակային պայմանները մի փոքր խանգարեցին, բայց այս ընթացքում մի կարևոր բան ևս ֆիքսեցինք․ չնայած անձրևին՝ մարդիկ պինդ կանգնած սպասեցին, մինչև մենք հասանք»։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այս օրերին անընդհատ մի բան ենք ասում մեր ժողովրդին․ սա հերթական կամ ընթացիկ ընտրություն չէ։ Սա մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է։ Այս ընտրությունների արդյունքից է կախված լինելու մեր պետականության հետագա գոյությունը։ Միչ առաջ մի շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, որով ուզում եմ կիսվել։ Արցախի մեր ընկերներից մեկը նախագահին պատմում էր իր խնդիրների, Հայաստանում ունեցած դժվարությունների մասին։ Մի խոսք ասեց Պարոն նախագահը, որ «հող ու հայրենիք կորցրած մարդու ճակատագիրն այսպես է դասավորվում»։

Մենք այսօր պետք է հասկանանք իրավիճակի ծանրությունն ու մարտահրավերի լրջությունը։ 2021 թվականին՝ պատերազմից հետո, ասել ենք, որ այս չարիքի իշխանությունը պետք է օր առաջ հեռանա։ Մինչև ընտրությունները փորձեցինք փողոցային պայքարով ազատվել սրանից։ Չստացվեց։ Շատերը չհավատացին, շատերը լուրջ չընդունեցին։ Մասնակցեցինք 2021 թվականի ընտրություններին և մի բան ասացինք․ եթե այս պարտության ու պատերազմի սիմվոլը վերընտրվի, Արցախը հայաթափվելու է, և Հայաստանում սկսվելու է թրքացման գործընթաց։ Այն ժամանակ ասում էին՝ «Ի՞նչ եք ասում», բայց, դժբախտաբար, այսօր Արցախը հայաթափված է, և լայն ծավալներով սկսվել է Հայաստանի թրքացման գործընթացը։ Այս իրավիճակում մենք չպետք է կանգնենք որևէ բանի առաջ, ոչինչ չպետք է խնայենք և ամեն ինչ անենք՝ այս իշխանությունից ազատվելու համար։ Սրանք խոստանում են «խաղաղություն»։ Այո՛, այդ բառը «խ»-ով է սկսվում, բայց դա խաղաղություն չէ։ Դա խաբեություն է, խայտառակություն է, խարդախություն է, բայց երբեք խաղաղություն չի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։