|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հուշարձանների, քննարկվել է ՀՀ Լոռու մարզի Շամուտ գյուղի Սբ Աստվածածին (պետցուցիչ՝ 5.85.7) եկեղեցու պահպանության հարցը:
«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am–ին հայտնում են, որ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) Շամուտ գյուղում ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ 17-րդ դարում կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին չի պահպանվել, քանի որ, ըստ տեղացիների վկայության, 1920-ական թվականներին արդեն կիսավեր վիճակում էր և վերածվել է դպրոցի:
Ըստ արխիվային տեղեկությունների, 1947 թ. Շամուտ է այցելել հնագետ Հովսեփ Եղիազարյանը և գրել է. «Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի մեջ, կառուցված է 17-րդ դարում, շուրջը տարածվում է հին գերեզմանոց՝ քանդակազարդ խաչքարերով: Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանոցը հիմնովին ավերակ վիճակում են» (ՀԱԱ, ֆ. 1063, ց. 1, գ. 1124, թ.74):
Հետագայում, 1968 թ. ապրիլի 24-ին, Ա. Ենգոյանը կազմել է Ս. Աստվածածին եկեղեցու վկայագիրը՝ հիմք ընդունելով Հ. Եղիազարյանի «Ալավերդու շրջանի հուշարձանները» (Երևան, 1952, էջ 51), աշխատությունը (ՀԱԱ, ֆ. 1063, ց. 1, գ. 1572, թ. 1-3):
Սբ Աստվածածին եկեղեցու տեղում խորհրդային տարիներին գործել է դպրոցը, որը ներկայումս ավերակ վիճակում է: Դպրոցի կանգուն մնացած պատերի մեջ դրված են մի շարք կոտրված խաչքարերի բեկորներ: Դպրոցական շենքի շարվածքում դրվել է խաչքարի մի մեծ հատված, թվագրված 13-րդ դարով, որն ունի վկայագիր (5.85.7.1.1): Այն կանգուն է եղել եկեղեցու շրջակա գերեզմանոցում, որը ևս ոչնչացված է: Եկեղեցու արևելյան մասում եղել է գյուղի ձիթհանը, որից պահպանվել են միայն երկու ձիթանաքարերը, որոնք ընկած են ճանապարհի եզրին:
Արմեն Սարգսյանը իր «Շամուտ» գրքում (Երևան, 2025) գրել է. «Շամուտի զանգը, որի ձայնը, ըստ մեծահասակների պատմածի, էդ դարաշրջանում ամենահզորն է եղել, եկեղեցին քանդելուց հետո ծառայել է դպրոցին» (էջ 248):