Միասին կարող ենք
կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-25 17:28
Քաղաքական

800 մասնակից՝ տարբեր երկրից․ Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» համաժողովը

800 մասնակից՝ տարբեր երկրից․ Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» համաժողովը

Մոսկվայում կայացել է «Եվրասիա»-ի ստեղծման երկու ամյակին նվիրված միջազգային համաժողովը։

Մշակույթից մինչև հումանիտար դիվանագիտություն․ Մոսկվայում ամփոփվել են «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» համաժողովի արդյունքները։

2026 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար համաժողովը՝ նվիրված «Եվրասիա»-ի ստեղծման երկու ամյակին։

Միջոցառումը տեղի է ունեցել «Ռուսաստան» ազգային կենտրոնում և համախմբել է ավելի քան 800 մասնակցի՝ պետական գործիչների, բիզնեսի, կրթության, մշակույթի, մեդիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Մասնակիցների մեծ մասը եղել են արտասահմանյան հյուրեր՝ Հայաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի երկրներից։

Համաժողովի հանդիսավոր բացմանը մասնակցել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եվրասիական գործընթացը շատ որակյալ և բովանդակային լրացում է այն ջանքերին, որոնք պետական մակարդակով գործադրվում են եվրասիական տարածքի զարգացման, այնտեղ միասնական հումանիտար չափանիշների ամրապնդման համար։ Դա տարածք է, որտեղ ապրում են տարբեր ժողովուրդներ ու ազգություններ, սակայն բոլորը ձգտում են մեծ հոգատարությամբ վերաբերվել կրթական գործընթացներին, մշակույթին և կյանքի հումանիտար բաղադրիչներին», - նշել է Դմիտրի Պեսկովը։

Համաժողովի կենտրոնական իրադարձությունը եղել է «Բարիդրացիության ճարտարապետություն․ եվրասիական ուղին դեպի բազմաբևեռ աշխարհ» լիագումար նիստը, որտեղ հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա հիմնված կայուն կապերի համակարգ ստեղծելու վրա։

Եվրասիական համագործակցության զարգացման գործում բիզնեսի դերի մասին խոսել է ՊԱՕ «ՊՍԲ Բանկ»-ի նախագահ, «Եվրասիա»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Պյոտր Ֆրադկովը։

«Մինչ մեզ փորձում են բաժանել և թշնամացնել, «Եվրասիա»-ն նախաձեռնում է ծրագրեր, որոնք իսկապես միավորում են, հիշեցնում, որ մենք առաջին հերթին բարի հարևաններ և ընկերներ ենք։ Սակայն նման նախագծերը չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Դրանք պետք է աջակցություն ստանան։ Եվ այստեղ բիզնեսն ունի առանձնահատուկ դեր։ Ընկերությունները չպետք է մնան կողքից դիտորդի դերում․ հենց բիզնեսը կարող է ստեղծել հումանիտար նախաձեռնությունների կայուն հիմքը։ Սա ներդրում է մեր բարեկեցիկ ապագայի մեջ»,- հայտարարել է Ֆրադկովը։

Համաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել արտերկրում ռուսաց լեզվի տարածման թեմային։ «Եվրասիա»-ի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան հայտարարել է Ղրղզստանի Նարին քաղաքում Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման մասին։

«Եվրասիա»-ի կենտրոնները տարածքներ են երիտասարդության, մանկավարժների և երեխաների զարգացման համար։ Ռուսաց լեզուն Եվրասիայում միջէթնիկ հաղորդակցության լեզու է, որը միավորում է մարդկանց, բացում կրթության, ժամանակակից մասնագիտական միջավայրի և միջազգային նախագծերի հասանելիություն։ Այդպիսի կենտրոնները պահանջված են և պետք է հասանելի լինեն մայրցամաքի տարբեր շրջանների մարդկանց համար»,- նշել է Ալյոնա Արշինովան։

Ղրղզստանի լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևան նշել է, որ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ համագործակցության շնորհիվ երկրում բարելավվում է ուսուցիչների հետ կապված իրավիճակը։ Ռուսաց լեզուն հանրապետությունում ունի պետական կարգավիճակ, և այն ուսումնասիրում է մեկուկես միլիոն երեխա։

Համաժողովի գործարար ծրագրի շրջանակում անցկացվել են թեմատիկ պանելային քննարկումներ՝ նվիրված եվրասիական տարածքի զարգացման առանցքային ուղղություններին՝ մեդիայից և ստեղծարար արդյունաբերություններից մինչև հումանիտար համագործակցություն։

«Ընդհանուր հիշողություն՝ ընդհանուր ապագա․ պատմական ճշմարտության պաշտպանության ռազմավարությունները Եվրասիայի գլոբալ վերափոխման պայմաններում» նիստում մասնակիցները քննարկել են պատմական ժառանգության պաշտպանության գործնական մեխանիզմները։ Հայտարարվել է նաև Հաղթանակի օրվան նվիրված լայնածավալ միջոցառումների անցկացման մասին։

«2026 թվականին «Հաղթանակ 9/45» շարժումը կընդլայնի աշխարհագրությունը և միջոցառումներ կանցկացնի աշխարհի 14 քաղաքում՝  Երևանում, Բիշքեկում, Քիշնևում, Ալմաթիում, Տաշքենդում, Դուշանբեում, Սուխումում, ինչպես նաև Փարիզում, Բելգրադում, Սոֆիայում, Վարշավայում, Անկարայում, Գերմանիայի Սաարբրյուքենում և Չինաստանի Դալյանում՝ նախկին Պորտ-Արթուրում։ Սրանք խոշոր միջազգային հայրենասիրական ակցիաներ, համերգներ և հիշատակի նախագծեր են, որոնք մարդկանց միավորում են ընդհանուր պատմության շուրջ»,- ընդգծել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման ղեկավար Բորիս Չերնիշովը։

Քննարկումների առանձին հատված նվիրված է եղել հումանիտար կապերի զարգացմանը և ՀԿ-ների ու հասարակական միավորումների դերին՝ Եվրասիայի հումանիտար հենքի ձևավորման գործում։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Եվրասիա»-ն բաց և օպերատիվ հարթակ է համագործակցության համար։

«Եվրասիա»-ն կենդանի, արձագանքող կառույց է, որն ակնթարթորեն արձագանքում է մեր ընդհանուր տարածքի ժողովուրդների պահանջներին։ Շատերը վաղուց չէին գտնում երկխոսության այնպիսի գործընկեր, որը հասանելի է և գործում է իրական ժամանակի ռեժիմում։ «Եվրասիա»-ն ներկայացված է 40 երկրում և միավորում է 120 հազար մարդու՝ ոչ միայն կազմակերպության գործունեությանը տեղեկացված, այլև անմիջականորեն դրա նախագծերին մասնակցող»,- մեկնաբանել է Մարիա Զախարովան։

Համաժողովի պատվավոր հյուրերի և բանախոսների թվում եղել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ալիմովը, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևը, ՌԴ ժողովրդական արտիստ, Մ. Գորկու անվան ՄԽԱՏ-ի և Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզրուկովը, կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային կինոփառատոնի նախագահ Ջանիկ Ֆայզիևը, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի պատգամավոր Գուլյա Կոժոկուլովան, Ղրղզստանի գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Իսամատովան, «Вызов» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նատալյա Տրետյակովան, «Եվրասիա»-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը (Հայաստան), «Եվրասիական մոնիթորինգ» վերլուծական կենտրոնի տնօրեն, «Եվրասիա»-ի խորհրդի անդամ Ալիբեկ Տաժիբաևը (Ղազախստան), «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռուս-չինական ներդրումների և զարգացման հիմնադրամի նախագահ Վան Ցյունը, Ռուսական ռազմապատմական ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրա Կոնովչենկոն և այլք։

Տեղեկանք

«Եվրասիա»-ն ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը և ծրագրեր է իրականացնում մասնավոր միջոցներով։

«Եվրասիա»-ի առաքելությունն է միավորել տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց, որպեսզի միասին պահպանեն ավանդական արժեքները, պատմական հիշողությունը և Եվրասիայի ժողովուրդների միասնական մշակութային կոդը։

Կազմակերպության ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ կրթությունից և բժշկությունից մինչև մշակույթ, կամավորություն և բարեգործություն։

«Եվրասիա»-ն նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների երեխաների, ընտանիքների և երիտասարդության համար, զարգացնում է մանկավարժների, բժիշկների, լրագրողների, գիտնականների և փորձագետների մասնագիտական համայնքները։

Կազմակերպությունն իրականացնում է նաև բնապահպանական, կամավորական և հումանիտար առաքելություններ։

Երկու տարվա ընթացքում «Եվրասիա»-ի նախաձեռնություններին աջակցել է ավելի քան 120 հազար համախոհ՝ աշխարհի գրեթե 40 երկրից։