Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման (ՀԱՇ) Եվրասիա տարածաշրջանի երիտասարդական հերթական ֆորումի և համաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-9-ը Երևանում «Սերունդների երկխոսություն» կարգախոսի ներքո անցկացվող ՀԱՇ Եվրասիա տարածաշրջանի երիտասարդական 3-րդ ֆորումին և 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը ողջունել է սկաուտներին և կարևորել նրանց երևանյան հավաքը, ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև որոշումների կայացման մեջ նրանց ներգրավելու առումով:
«Ես համարում եմ, որ ձեր կառույցի կողմից որդեգրած քաղաքականությունը՝ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում երիտասարդներին ներգրավելու և նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ, ամբողջովին համահունչ է մեր երկրի կողմից որդեգրած երիտասարդական քաղաքականությանը: Ես լիահույս եմ, որ ձեր աշխատանքը կլինի արդյունավետ, հնարավորություն կտա է՛լ ավելի սերտ կապեր հաստատելու մեր երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սկաուտական կառույցի հետ, ինչպես նաև ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը»,- հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Նախագահը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու, աջակցության ու Երևանում երիտասարդական ֆորումը և տարածաշրջանային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու հնարավորության համար: