կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 22:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը Ադրբեջանով Եվրասիա գնալու մասին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» պատճառով ևս․ Իրանի Հայ դատի ղեկավար

Իրանը պատրաստակամություն էր հայտնել, որ օգնի Հայաստանին Հյուսիս-Հարավ մայրուղու չկառուցված հատվածի կառուցմանը, բայց երբ նորից խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարծում եմ, Իրանն ինքն էլ համակերպվել է, որ այդ միջանցքը պետք է լինի՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իրանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Իսիկ Հունանեսյանը, որը տարբեր երկրների 50-ից ավելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։

«Ալիև-Ռաիսի հանդիպմանը Ալիևը բացեիբաց ասաց Ռաիսիին, որ՝ մենք մոտենում ենք այդ միջանցքին, և ես կարծում եմ Իրանից նման հայտարարությունը, որ՝ «մենք Ադրբեջանով դեպի Եվրասիա  այլընտրանքային ճանապարհ ունենք, եթե հարկ լինի՝ կօգտվենք», հետևանքն է այս վերջին իրադարձությունների»,-վստահ է Իսիկ Հունանեսյանը։

Խոսքը Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ երթուղու գործարկման մասին է, որի վերաբերյալ հայտարարություն արեց Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցիկ փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ «Մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել՝ տարածաշրջանային միասնությանը համապատասխան»,-ասել է նա ISNA-ի հետ հարցազրույցում։ Նա տեղեկացրել է, որ երթուղին արդեն գործարկվել է՝ պիլոտային եղանակով առաջին խմբաքանակներն են փոխադրվել և նշել, որ այդ տարանցիկ ուղին, հաշվի առնելով համաձայնագրի կողմ երկրների լուրջ մոտեցումը, այլընտրանք կլինի ներկայում գործող առևտրային ուղիների համար, ինչպիսին է Թուրքիայի եւ Ռուսաստանի տարանցիկ երթուղին։

Իսիկ Հունանեսյանը կարծում է՝ Իրանը կնախընտրեր Հայաստանով գնալ Եվրասիա, բայց երբ տեսնում է Հայաստանի ներկա իրավիճակը, որ ոչ մի դրական ազդակ չկա Հայաստանի կողմից դեպի Իրան, իրենք էլ մտածում են իրենց շահերի մասին և փորձում են կա՛մ մեսիջ հղել Հայաստանի իշխանություններին, որ՝ մենք ունենք նման այլընտրանքային ճանապարհ Ադրբեջանով դեպի Եվրասիա՝ դուք մի քիչ ձեզ հավաքեք, կա՛մ արդեն իսկապես հույսները կտրել են Հայաստանից և միջացքի բացման առաջին օրվանից իրենք պատրաստի ճանապարհ են ունենալու դեպի Եվրասիա և դա Ադրբեջանով է լինելու։  

Իրանից Հայաստանի տարածքով այս պահին եկող բեռնատարները պատկանում են որևէ ընկերության, նշեց նա, բնականաբար, այդ ընկերությունը ո՛չ վտանգի տակ կդնի բեռնատարը, ո՛չ վարորդին, բայց շուտով՝ առաջին ձյան հետ, մենք կտեսնենք, որ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքում բավականին դժվարությունների կհանդիպեն։

ՀՀ իշխանությունների առաջարկած այլընտրանքային ճանապարհը, որը պետք է փոխարինի Գորիս-Կապանին, ամենափոքր անձրևից, ձյունից կամ մառախուղից փակվում է, բեռնատարները ժամերով կանգնում են և արդեն բավականին մեծ դժգոհության ալիք է բարձրացել Իրանի վարորդների կողմից։

Իսիկ Հունանեսյանը չգիտի՝ Ադրբեջանով գնալը քանի ժամ կավելացնի իրանական բեռնափոխադրումներին, բայց, ըստ նրա, ավելի կարևոր է անվտանգային հարցը, եթե կարողանան Ադրբեջանով ավելի անվտանգ մուտք գործել Վրաստան կամ Ռուսաստան, ինչո՞ւ պետք է Հայաստանի տարածքով գան։

Իսիկ Հունանեսյանը հստակ տեսնում է իրադարձությունների այն զարգացումը, որը բերեց, հանգեցրեց Հայաստանի համար այս աննպաստ վիճակին։ Իրանի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նկատում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո նույն ժամանակահատվածն էր, որ Իրանում ձևավորվեց նոր իշխանություն՝ նոր կառավարության կաբինետ, պահպանողական թևը եկավ իշխանության Իրանում։

«Ես զգում եմ՝ իրենք զգացին, որ սխալ քաղաքականություն են ունեցել պատերազմի ընթացքում և ուզեցին շտկել՝ զորքը բերել սահման սեպտեմբերի 26-27-ի հատվածում, և այդ լեզվակռիվը, որ տեղի ունեցավ Իրանի ու Ադրբեջանի միջև ցույց էր տալիս, որ իրոք Իրանը փոխել է իր դիրքորոշումը հանդեպ Հայաստանի ու Ադրբեջանի։ Եվ բազմիցս էլ նախկին արտգործնախարար պրն․ Զարիֆն ասել էր, որ՝ «Մեղրիի հատվածը և Սյունիքը մեր կարմիր գիծն է»։ Մենք վերջին 2 ամսում բավականին դրական ազդակներ տեսանք Իրանի կողմից, բայց վերջին 15-20 օրվա իրադարձություններից և Հայաստանի կողմից արված հայտարարություններից թե՛ Սոչիում, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, Իրանը հիասթափվեց նորեն։ Իսկ դեպի Նախիջևան միջանցքի մասին հայտարարությունները պատճառ դարձան, որ Իրանն էլ հայտարարի Ադրբեջանով, ոչ թե Հայաստանով Եվրասիա գնալու մասին»,-ասաց Իսիկ Հունանեսյանը։

Մինչ այդ՝ ի՞նչ եղավ, որ պատերազմի օրերին Իրանը այդպիսի դիրքորոշում ընդունեց Հայաստանի հանդեպ․ նա նկատեց է, որ 2018-ին Հայաստանի նոր վարչակազմի իշխանության գալուց հետո Իրանն ակնկալում էր, որ կարող է ավելի սերտ հարաբերություններ ունենալ այս նոր իշխանության հետ, բայց, դժբախտաբար, դա տեղի չունեցավ։

«Բոլթոնի Հայաստան այցից հետո մենք տեսանք, որ այդ հայտարարությունները եղան, երբ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ «եթե հարկ լինի՝ մենք սահմանը կփակենք»․ այդտեղից սկսվեց, ես կարծում եմ, Իրան-Հայաստան հարաբերությունների վատթարացումը։ Հետո խորհրդարանում Իրանին իբրև բռնապետ պետություն որակելը, Իսրայելի դեսպանատան հարցը․ այս ամենը սկիզբ դրեցին այս վերջին 3 տարվա՝ Իրան-Հայաստան հարաբերությունների վատանալուն»,-բացատրեց Իսիկ Հունանեսյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի կողմից ապտակ էր Իրանին Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարներից ադրբեջանցիների մաքսատուրքեր վերցնելու և իրանցի վարորդներին ձերբակալելու փաստերին Հայաստանի խուսափողական արձագանքը, երբ Հայաստանն ասաց՝ դա մեր  գործը չէ։ Ադրբեջանական ինքնաթիռների համար Հայաստանի օդը բացելը Իրանի փակելուց հետո ևս մեկ ապտակ էր։

«Դրանք բոլոր այն հարցերն են, որ Իրանը չի մարսել և այսպիսի հայտարարություններով պատասխանում է»,-վստահ է Իսիկ Հունանեսյանը։

Իրանի հետ այսպիսի «խաղեր տալը», նրա համոզմամբ, կարող է թանկ արժենալ Հայաստանի համար։

«Իրանն ինքը «խաղեր տալու» մեջ աշխարհում ամենահզոր երկիրն է․ տեսնում ենք արդեն 10-15  տարի է թե՛ Եվրոպային, թե՛ Ամերիկային այդ «խաղերի» մեջ է պահում իր միջուկային ծրագրով, և ես կարծում եմ երեխայություն կլինի Հայաստանի կողմից, եթե ուզենա իրենց իշխանության ոճով ասած՝ «քցել» Իրանին կամ խաբել Իրանին, Իրանի դիմաց տուժողը կլինի միայն Հայաստանը»,-համոզված է Իսիկ Հունանեսյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․