Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է ծրագրերի, անելիքների, նպատակների շուրջ, պաշտոնները տասներորդական հարց են. «Շանթ» հեռուստաընկերության եթերում, հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին, երեկ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների մասին նա նախ մանրամասնեց, որ մինչև այս պահը դրանք ընթացել են ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: Վարդանյանը, ինչպես բազմիցս է նշել, ևս մեկ անգամ շեշտեց, որ մամուլի պատկերացումները բանակցությունների վերաբերյալ թյուր են, դրանք էլ ներկայացվում են հանրությանը:
«Մենք առաջարկել ենք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են և\' քաղաքական համակարգի բարեփոխմանը`Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք և այլն, և\' սոցիալ-տնտեսական առկա խնդիրներին, նաև` արտաքին քաղաքական խնդիրներին: Նպատակը մեկն է՝ երկրում որակական փոփոխությունների իմպուլս առաջացնել: Ես կարծում եմ, որ առաջիկայում կլինեն նաև հրապարակային հայտարարություններ հստակ անելիքների մասին: Համագործակցության ցանկացած ձևաչափ ենթադրում է ինչ-որ համագործակցության մեխանիզմներ` ինչպե՞ս ենք քննարկումներ անելու, ինչպե՞ս ենք որոշումներ կայացնելու, ինչպե՞ս ենք կոնսենսուսի գալու և այլն: Սա նույնպես ենթադրում է աշխատանք: Եվ միայն վերջում արդեն խոսքը վերաբերում է կոնկրետ ոլորտների պատասխանատվությանը»,-ասաց Վարդանյանը:
Զրույցը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով:
- Ենթադրենք` Արագածոտնի մարզպետի պաշտոնը ինչո՞վ է նպաստելու այդ խնդիրների լուծմանը:
- Եթե վերցնենք մի հարցը, բոլորից կտրենք, կարող է նման հարց առաջանալ: Բանակցությունները երկու կողմերի միջև են, քննարկվում է պատասխանատվության խնդիրը, այնպես չէ, որ Դաշնակցությունն ասում է` ես կվերցնեմ միայն այս-այս ոլորտները, եթե` չէ, ուրեմն` չէ: Ասում ենք` մենք այս արժեքներն ունենք, ուզո՞ւմ եք միասին անենք: Սիրով: Եվ դրա համար մենք առաջարկում ենք այս-այս պատասխանատվությունները: Մյուս կողմն ասում է` հնարավոր է սա, հնարավոր չէ սա, սա կարելի է, սա չի կարելի: Այնպես որ` սրանք երկու կողմի բանակցություններ են և ուլտիմատումներով չեն ընթանում: Սա խորքային, դանդաղ աշխատանք է:
- Օրինակ` ԿԳ ոլորտը: Դուք ասացիք, որ ուզում եք ծաղկեցնե՞լ այդ ոլորտը, և ձեզ ասացին` այո՞:
- «Ծաղկեցնել» բառը որտեղի՞ց: Գիտեք` մենք հրաշալի հասկանում ենք այսօրվա մեր խնդիրները: Մանավանդ` այս ժամանակաշրջանում գիտեք` ինչ տնտեսական ծանր վիճակի մեջ ենք՝ հազար հարցերով պայմանավորված: Եվ մտածել, որ սա մեկ օրում հնարավոր է կամ մեկ տարում հնարավոր է ծաղկեցնել, չէ, բայց կա նաև կադրերի խնդիր, փորձառության խնդիր, աշխատանքի խնդիր: Այնպես որ` ես կարծում եմ` մեր մասնակցությունը կոնկրետ ոլորտներում կարող է նոր որակ հաղորդել կառավարության արդյունավետությանը: Դա վերաբերում է և\' մարզերին, և\' նախարարություններին:
- Փորձառության վերաբերյալ: Կարո՞ղ է, արդյոք, պատահել, որ հին կադրերը գան, այսինքն` չորրորդ անգամ Լևոն Մկրտչյանը նշանակվի ԿԳ նախարար:
-Չեմ բացառում, ինչպես արդեն ասվել է մի քանի անգամ: Այսօր Լևոն Մկրտչյանը ևս պատասխանել է հարցերին:
-Նախորդ փորձի վերաբերյալ: Դուք արդեն մեկ անգամ կամ երկու անգամ ունեցել եք նախարարական պորտֆելներ: Դա բեկումնային եղե՞լ է մեր երկրի պատմության մեջ:
- Կարծում եմ, որ մեր նախորդ փորձն իսկապես դրական է եղել: Հատկապես 2000–ական թվականների սկզբին գործոնները բազմաբնույթ էին, և տնտեսական զարգացում կար, ժողովրդագրական պատկերը դրական լուծումներ էր ցույց տալիս: Անպայման դրական է եղել: Սկզբունքային անհամաձայնություններն էին կոալիցիայից դուրս գալու` մեր պատճառը: Ես կարծում եմ, որ մեր փորձառությունը միայն կօգնի: Մարդ սովորում է նաև անցյալի դասերից:
- Անցյալի տարաձայնություններն այլևս չկա՞ն` հայ-թուրքական հարաբերությունների մասով:
- Հայ-թուրքականի մասով: Մենք ասել ենք, որ դրանք արդեն մեռած են: Հանրապետության նախագահը հայտարարություն արեց, որ Ցեղասպանության խնդիր ունենք, հայրենազրկում է սա, երկրորդ` որ Հայաստանի և Թուրքիայի միջև կա սահմանների խնդիր, և երրորդ` որ Ղարաբաղի հարցը որևէ կերպ չի կարող առնչվել այս խնդրին: Դրանից հետո եղավ Սահմանադրական դատարանի վճիռը:
- Դուք բավարարվա՞ծ եք:
- Մենք բավարարված չենք: Մենք այսօր էլ գտնում ենք, որ այդ ֆորմալ ստորագրությունը, որ մնացել է արձանագրությունների տակ, պետք է ետ կանչել: Մենք համոզված ենք, որ այդ արձանագրությունները մեռալածին են:
- ԵՏՄ-ի մասով կոնսենսուս ունե՞ք ՀՀԿ-ի հետ:
- ԵՏՄ-ի հետ կապված մեր մոտեցումները հայտնի են, մենք քվեարկել ենք ԱԺ-ում: Այնպես չէ, որ մենք բացառմամբ ենք առաջնորդվում: Մենք կողմնակից ենք Եվրամիության հետ ամենասերտ համագործակցության, մենք նաև կողմնակից ենք հարաբերություններ զարգացնելուն այս ռազմավարական գործընկերոջ հետ: Այստեղ ուղղակի անջրպետ դնել` կա\'մ այս կողմ, կա\'մ այն կողմ, ճիշտ չէ, բայց Դաշնակցությունն անվերապահորեն կողմնակից է ՀՀ-ի ինքնիշխանությանը, և ՀՀ-ի անկախ պետականությունը մեզ համար բարձրագույն արժեք է:
- Դուք եղել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Ձեր` նախարար լինելու հետևանքով թոշակառուների, ծերերի կյանքը բարելավվե՞ց: Եթե Դուք չլինեիք, եթե դաշնակցական չլիներ, նույնը կլինե՞ր, թե՞ ավելի լավ կամ ավելի վատ:
- Ինձ համար դժվար կլինի դատել: Մի բան ակնհայտ է, որ այդ տարիներին էական, արմատական փոփոխություններ են եղել բոլոր այդ ոլորտներում: 5 հազար դրամ աշխատավարձը դարձել է 25 հազար դրամ: Մեր աշխատանքն արդյունքներ ունեցել է: Ես արդեն ասացի, որ երկրում տնտեսական վիճակն այլ էր, հնարավորություններն այլ էին, բյուջեն համալրվում էր, այլ պայմաններ կային: Բայց որ Դաշնակցությունը դրական դեր է խաղացել այդ կոալիցիայում, ես միանգամայն համաձայն եմ:
-Ինչո՞ւ եք պորտֆելներ վերցնում ընտրություններից առաջ, կոալիցիա կամ դաշինք են կազմում ընտրություններից հետո:
-Շատ տրամաբանական է: Մենք բազմիցս հայտարարել ենք: Բայց ինչո՞ւ եք պորտֆելներ վերցնելն անընդհատ ասում: Մենք գիտակցում ենք, որ դասական, նորմալ կոալիցիաները ձևավորվում են ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ կառավարություն կազմել և կարիք ունի այլ ուժերի աջակցության: Ցավոք, Հայաստանում այդպիսի փորձառություն գրեթե չենք ունեցել, բայց մենք այսօր ունենք այլ խնդիր: Մենք այսօր ունենք նոր Սահմանադրություն, որն անհրաժեշտ է կյանքի վերածել, այս Սահմանադրության համար մենք պատասխանատու ենք և ուզում ենք երկրում դրական ակնկալիք առաջացնել հասարակության շրջանում: Ես վստահ եմ, որ հասարակության հատված կա, որը ցանկացած պարագայում դժգոհելու է, հայհոյելու է, չի համաձայնելու և այլն: Մենք գտնում ենք, որ այսօր ուժերի միավորումը և, միմյանց հետ կիսելով, պատասխանատվությունն ավելի արդյունավետ կարող է լինել: Միշտ էլ մեկ խելքը լավ է, բայց երկուսն ավելի լավ է, միշտ ճշմարտությունը գտնվում է բանավեճի, համաձայնությունների դաշտում:
- Հատկապես ԿԳ նախարարի պորտֆելը վերցնելով` արդյոք մանկապարտեզների, դպրոցների լծակները չեն օգտագործվի ընտրությունների ընթացքում:
-Ես ձեզ խորհուրդ կտամ, մեր լրատվական ամբողջ դաշտին` առհասարակ, ուսումնասիրեք մեր փորձառությունը: Մեր ոչ մի նախարար այն ժամանակ որևէ նախարարությունում նման կուսակցականացման գործընթաց չի ծավալել երբեք: Կուսակցականացումը պետական աշխատանքում անթույլատրելի է, ինչը արվել է մեծ մասշտաբով: Ուսումնասիրեք Լևոն Մկրտչյանի և Սպարտակ Սեյրանյանի աշխատած տարիները: Ես եկել եմ աշխատանքի առավոտյան, գործակարգավարական խորհրդակցություն է եղել, երկու պայմանագրով ինձ մոտ եկել են փոխնախարարներ` մեկը` ՕԵԿ-ից, մեկը` Հանրապետականից, և տեսել եմ, որ առաջին օրը աշխատանքի եկած փոխնախարարները կամ առաջին անգամ խորհրդակցության եկածները, իրենց կուսակցությունների կրծքանշանները կպցրած, նստած են: Ես նրանց ասացի, որ ոտքի կանգնեն, դուրս գան սենյակից, հանեն իրենց կրծքանշանները, նոր գան, նստեն: Մինչև ժամը վեցը` աշխատանքի ավարտը, կուսակցություն չկա, և դա եղել է մեր բոլոր ղեկավարած նախարարություններում:
- ՀՀԿ-ի պարագայում նո՞ւյնն է լինելու:
-Անշուշտ: Պետական ծառայության մեջ կուսակցականությունն ամենավատ ազդեցություն է ունենում:
-Նրանք հարսանիք են գնում իրենց կրծքանշաններով:
-Դա իրենց խնդիրն է: Ձեզ մոտ գալիս եմ առանց կուսակցական կրծքանշանի և հարսանիքի էլ եմ գնում այդպես: