կարևոր
427 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 18:32
Հասարակություն

Իրականում հակաեկեղեցական արշավի մաս է կազմում․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին

Իրականում հակաեկեղեցական արշավի մաս է կազմում․ Լիլիթ Գալստյանը՝  ՔՊ-ի նախագծի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ հայտարարություների ժամին

«Սիրելի հայրենակիցներ,  20․01․2026

 Այսօր առաջին ընթերցումով խորհրդարանն ընդունեց ՔՊ խմբակցության երկու պատգամավորների՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: 

  Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը: 

Նախ  արձանագրենք, որ  նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին:

 Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով.

1. Մասնավորապես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոփոխել՝ անկախ վերջինիս սեփականության ձևից, ուստի օտարվելու դեպքում, շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը: Հետևաբար, անիմաստ է և երևակայական այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել «ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությանը տարբերվող նպատակով»:

2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ չի օտարել և չի էլ պատրաստվում օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմաստազուրկ է նաև այս առումով: Ցանկացծ օրենքի նախագիծը պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական  թեզեր, այլ՝ կոնկրետ հանրային պատվեր:

Օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողությունները  և այսպես կոչված հիմանվորումները կամ դիտավորությամբ խեղված են կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք: Դրանց բուն ուղղվածությունը  ԱԺ ամբիոնից Հայաստանյայց Առաքելական  Եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորել: 

 Նախանձելի խիզախությամբ  այս բարձր ամբիոնից կասկածի տակ է դրվում Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կազմակերպություն լինելն ու պետությունից անջատ  լինելու Սահմանադրական նորմը:

Նույն ջանասիրությամբ այս ամբիոնից ոտնահարվում է   մեկ այլ իրավական նորմ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումը։

Կրկնում եմ՝ գուցե անպատասխանատու հայտարարություններից առաջ ուսումնասիրեիք, որ  մասունքների ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է: 

Եթե ականատեսը  չլինեինք  եկեղեցու  և  մեր ինքնության դեմ  վարչախմբի սևեռուն հալածանքներին,  կարելի էր  մտածել, թե  նախաձեռնությունը բխում է հուշարձանների պահպանության լավագույն շահից։

Իրականում այն  սովորական հայտ է մաս կազմելու  հակաեկեղեցական արշավ-հալածանքին:

Եվ, այնուամենայնիվ հիշենք, որ հայ եկեղեցու, նրա ժառանգության պահպանության դիրքերից է հանդես գալիս քաղաքական մի ուժ, որի իշխանության օրոք  թշնամուն թողնվեցին   վանական համալիրներ, 1500 եկեղեցի, պաշտոնապես գրանցված շուրջ 20  000  առանձնակի արժեքավոր մշակութային արժեքներ»։