կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-15 21:53
Հասարակություն

Ստի, զրպարտության և սուտ մատնության խավարի փարատում

Ստի, զրպարտության և սուտ մատնության խավարի փարատում

Մի խումբ կարգալույծ եղածներ՝ նախկին «հոգեւորականներ», իբրեւ խամաճիկներ որոշ ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց եպիսկոպոսների եւ սրանց կամակիցների, մոլագարությամբ տարված են ստի, զրպարտության եւ սուտ մատնության տարածմամբ: Արարք, որը դատապարտելի է բարոյապես եւ ենթակա է քրեական պատասխանատվության:

Սրբությունների եւ սրբոց մասունքների ընծայաբերությունը քրիստոնեական դարավոր ավանդություն է: Սբ Եկեղեցու հովվապետը եւ որեւէ թեմակալ եպիսկոպոս լիակատար իրավունք ունեն իրենց Եկեղեցու եւ թեմի սրբություններից ու սուրբ մասունքներից նվեր տալու թե՛ աշխարհականի, թե՛ հոգեւորականի, թե՛ Եկեղեցու, թե՛ պետության:

Ահա այս նվիրական կարգով Հայոց Եկեղեցու գահակալները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսները դարեր շարունակ ե՛ւ ստացել, ե՛ւ ընծայել են սրբություններ եւ սրբոց մասունքներ:

Պատմական շատ հեռուները չգնալով՝ վկայակոչենք որոշ նշանավոր դեպքեր.

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Տ. Տ. Սիմեոն Ա. Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1766 թ. Ռուսաց Եկատերինա Բ. կայսրուհուն է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Հովհաննես Մկրտչի, Սբ Գեւորգ Զորավարի եւ Սբ Հռիփսիմե Կույսի մասունքներից, ինչպես նաեւ՝ մի կտոր Նոյյան Տապանի փայտից:

Տ. Տ. Գեւորգ Դ. Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1879 թ. Ալեքսանդր Թահիրյանցի դուստր միանձնուհի Հռիփսիմե Թահիրյանցին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Հռիփսիմե Կույսի մասունքից:

Տ. Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1903 թ. ազգային-եկեղեցական մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Թադեոս առաքյալի մասունքից:

Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1966 թ. Եթովպիայի Հայլե Սելասիե Ա. կայսրին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Թադեոս առաքյալի մասունքից:

Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ալեքսի Բ. Պատրիարքին է նվիրել Մայր Աթոռում պահվող Սբ Անդրեաս առաքյալի մասունքից:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2004 թ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ալեքսի Բ. Պատրիարքին է ընծայել Սբ Գեղարդի մանրակերտը, որի մեջ ամփոփվել է Մայր Աթոռում պահվող Աստվածամուխ Սբ Գեղարդի կոթառի միջից հանված մասունք-փշրանքը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2023 թ. Բուլղարիայի հայոց թեմին է ընծայել Մայր Աթոռում պահվող Սբ Հովհաննես Մկրտչի մասունքից:

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻՆ

Հռոմի պապ Պողոս Զ. Սրբազան Քահանայապետը 1970 թ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը:

Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ. Սրբազան Քահանայապետը 1994 թ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սբ Թադեոս եւ Սբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ. Սրբազան Քահանայապետը 2000 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:

Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Մ. Բ. Պիոտրովսկին 2000 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Կիլիկյան Հայաստանի Սկեւռայի վանքի հռչակավոր մասանց տուփը՝ ավելի քան 20 սրբոց մասունքներով:

Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները 2024 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը:

Շվեցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշը 2025 թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայաբերել Սբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը:

Ահավասիկ, մի քանի նշանավոր նվերներ՝ դարերի հոլովույթում կատարված բազմաթիվ ընծայաբերություններից:

Այս ամենը շարադրեցինք, որպեսզի փարատվի ստի, զրպարտության եւ սուտ մատնության խավարը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դարավոր եւ լիակատար իրավունքն է սրբություն եւ սրբոց մասունք ընծայաբերելը:

Իսկ այն, որ միմիայն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում 33 մասունքարան (որոնցից որոշների մեջ մի շարք սրբոց մասունքներ կան ամփոփված) է ստացվել Սուրբ Էջմիածնի Գանձատանը՝ իսպառ պետք է պապանձեցնի ստախոս ու մոլորեցնող տարբեր բերաններն ու անձերին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյան