կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 23:56
Հասարակություն

Ուխտագնացություն ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի շիրմին՝ մահվան 120-ամյակի կապակցությամբ

Ուխտագնացություն ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի շիրմին՝ մահվան 120-ամյակի կապակցությամբ

ՀՅԴ Բուլղարիայի կառույցի անդամներն ու համակիրները՝ Պլովդիվից, Վառնայից, Սոֆիայից և Ռուսեից կիրակի օրը հավաքվել էին Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը՝ նշելու Դաշնակցության հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի և նրա երիտասարդ ընկեր Վռամշապուհ Քենդիրյանի հերոսական մահվան 120-ամյակը։

1905 թվականի մարտի 5-ին, Սուլթան Աբդուլ Համիդի դեմ մահափորձ նախապատրաստելիս, ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով նրանք զոհվեցին։  

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի թեմի հոգևորականներ Տեր Հրաչ քահանա Մուրադյանը և Տեր Տիրայր քահանա Հադավյանը կատարել են հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները Տերունական աղոթք են ասել։

«Սա ոչ միայն Բուլղարիայում ապրող Դաշնակցության անդամների համար է սրբազան վայր, այլև՝ աշխարհով մեկ ցրված բոլոր կուսակցականների համար»,- իր ելույթում ասաց Տեր Հրաչ քահանա Մուրադյանը՝ ընդգծելով․ «Որովհետև իր գաղափարներով Քրիստափոր Միքայելյանը դարձավ այն սերմը, որն արմատ գցեց և պտուղ տվեց։ Եվ այսօր՝ 120 տարի անց, այս սերմը շարունակում է պտուղ տալ։ Ձեր ներկայությունն այստեղ դրա վկայությունն է, ինչպես նաև՝ Դաշնակցության ակտիվ գործունեությունն ամբողջ աշխարհում՝ Սփյուռքում և Հայաստանում։ Սա վկայում է այն մասին, որ Քրիստափոր Միքայելյանը և նրա համախոհները՝ կուսակցության համահիմնադիրները դարձան Ազատության գաղափարի ջահակիրներ»,-ասաց հոգևոր Հայրը։ 

«Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին իրենց ժողովրդի ազատության համար, ընդմիշտ իրենց անունները գրեցին մեր ժողովրդի պատմության մեջ», - իր հերթին ասաց  Տեր Տիրայր քահանա Հադավյանը։

«Ես վստահ եմ, որ նույնիսկ 100 տարի անց հաջորդ սերունդները կշարունակեն հարգանքի տուրք մատուցել մեր ազգային հերոսներին: Այն երկրներում, որտեղ հայերը զրկվել են իրենց դպրոցներից, մենք մեծացել ենք մեր դաշնակցական եղբայրների օրինակով: Նրանք մեր ոգեշնչման աղբյուրն էին՝ ապրելու և աշխատելու որպես արժանի հայեր»,-նշեց Տեր Տիրայր քահանա Հադավյանը։

Իր ելույթում Բուլղարիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը շնորհակալություն հայտնեց այն հայերին, ովքեր կոմունիզմի տարիներին գաղտնի եկել էին մաքրելու և խնամելու այս երկու գերեզմանները:

«Ես նաև շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր նույնպես գաղտնի բերել են իրենց երեխաներին և թոռներին այստեղ՝ նրանց ցույց տալու գերեզմանները, որտեղ հանգչում են մեր ժողովրդի իսկական որդիները: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում այսօրվա Դաշնակցությանը, որը շարունակում է վառ պահել Քրիստափոր Միքայելյանի և Վռամշապուխ Քենդիրյանի հիշատակը: Հիշե՛ք, որ չնայած այսօր Հայաստանն ապրում է դժվար օրեր, մենք պետք է հավատանք, որ արևը կրկին կշողա մեր երկրի վրա: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք պաշտպանել և՛ մեր զինանշանը, և՛ Արարատ լեռան խորհրդանիշը՝ այն ամենը, ինչ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են ոչնչացնել»,-ասաց Վարդանուշ Թոփակբաշյանը։

ՀՅԴ Բուլղարիայի «Պետրոս Սերեմճյան» կոմիտեության ներկայացուցիչ Սահակ Չաքալյանն իր խոսքում ասաց, որ Քրիստափորը հայ ժողովրդի համազգային զարթոնքի և Հայաստանի ազատագրման մեծ պայքարի անշեղ առաջամարտիկն է։

«Իր անձնական օրինակով, անսասան կամքով նա նոր սերունդների առջև բացեց գաղափարական և քաղաքական տոկուն պայքարի ուղին։ Նա խորհրդանիշն է այն աներեր հավատքի, որ նույնիսկ անհավասար ուժերի դեմ հնարավոր է հաղթել․ դարերով գերության ու հուսահատության մեջ խեղդված հայ մարդուց նա կերտեց պայքարող հայի տեսակը՝  ազատության, արդարության և իրավունքի համար մինչև վերջին շունչ պայքարելու ոգով ու պատրաստակամությամբ»,-ասաց Սահակ Չաքալյանը։

Ուխտագնացության ավարտին ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին երկու հերոսների շիրիմներին։