Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 1-ից արգելափակված է հայկական «Սպայկա» ընկերության շուրջ 100 բեռնատարի մուտքը Ռուսաստան: Հայկական գյուղմթերքի ամենախոշոր արտահանող ընկերության մեքենաների արգելափակման պատճառը հստակ չէ, բայց փաստ է, որ սա հայ տնտեսվարողների համար առաջացած խնդիրներից հերթականն է, որն առաջանում է արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհին: Ու առնվազն հիմնավոր կասկած կա ենթադրելու, որ Ռուսաստանը, ի պատասխան Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության, սկսել է գործի դնել տնտեսական լծակները: Ըստ շրջանառվող տեղեկությունների, խնդիրը «Սպայկա» ընկերության ֆինանսական պարտավորությունների չկատարման հետ է կապված, ինչը, սակայն, ընկերությունը հերքում է: Էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանում իրավիճակը:
«Հրապարակ»-ի հետ զրույցում էներգետիկ եւ անվտանգության հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանն ասում է՝ ստեղծված իրավիճակը պայմանավորող երկու վարկած կարող է լինել: «Առաջինը, իհարկե, քաղաքականն է, եւ ընկերության բեռնատարների նկատմամբ Մոսկվայի կողմից կիրառված սահմանափակումները կարող են, իսկապես, դիտարկվել որպես Երեւանի վարած արտաքին քաղաքականության արձագանք: Ժամանակակից միջազգային հարաբերություններում տնտեսական, գեոտնտեսական եւ առեւտրային բաղադրիչը գերիշխող դիրք է զբաղեցնում, եւ դա առավել քան տրամաբանական կարող է լինել: Այս վարկածի օգտին խոսում են նաեւ «Սպայկա»-ի շուրջ վերջին տարիներին ընթացող զարգացումները: Գիտենք, որ 2024-ին դադարեցվեց ընկերության տնօրենի, սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդումը, որը սկսվել էր 2019 թվականին՝ խոշոր չափերի հարկեր չվճարելու եւ այդկերպ պետությանը հասցված վնասի համար: 2024-ին այդ քրեական հետապնդումը դադարեցվում է, իսկ այս տարի կառավարությունն արդեն ազատում է «Սպայկա»-ին մաքսային վճարների մի զգալի մասից, եւ, փաստացի, ընկերությունն այսօր դարձել է կառավարության ֆավորիտը, ուստի տրամաբանական է, որ, այո, կարող է դառնալ Մոսկվայի պայմանական «պատժամիջոցի» օբյեկտ»,- մեզ հետ զրույցում նշում է Վահե Դավթյանը:
Նրա հիշատակած արտոնությունը «Սպայկա»-ն ստացավ այս տարվա ապրիլի 24-ին, երբ կառավարությունը «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում» ներմուծման մաքսատուրքից ազատեց ընկերությանը: Մաքսատուրքից ազատման արտոնությունը 4․4 մլրդ դրամ էր կազմում։ Իսկ մինչեւ այս, 2019 թվականի մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր այս ընկերության պանրի եւ կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը, որից ընդամենը մի քանի օր անց ՊԵԿ-ը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Սպայկա» ընկերության կողմից խոշոր չափի հարկերից խուսափելու վերաբերյալ։
Մյուս վարկածը, Վահե Դավթյանի խոսքով, կարող է բիզնես հարաբերությունների դաշտում տեղավորվել: Մեր զրուցակիցը չի բացառում, որ ընկերության համար այս խոչընդոտի ստեղծումը կարող է լինել նաեւ կապիտալի վերաբաշխմանն ուղղված քայլ, ինչի նախադեպերը այլ ընկերությունների նկատմամբ իրականացված գործողություններով արդեն տեսել ենք: «Տեսականորեն, պետությունը կարող է ցանկանալ վերահսկողություն հաստատել կամ սեփականատեր դառնալ «Սպայկա» ընկերության, որը երկրի խոշորագույն գյուղատնտեսական ընկերությունն է, եւ այդ նպատակով, այո, կարող է նաեւ որոշակի համագործակցություն հաստատել երրորդ երկրների մաքսային ծառայությունների հետ: Սա ընդունեք զուտ որպես հիպոթեզ»,- ասում է Վահե Դավթյանը՝ նշելով, որ վերջին երկու տարիներին կառավարությունը տարբեր խոշոր ընկերություններում իր մասնաբաժինն է ապահովել, եւ այդ միտումը շարունակվում է»: