Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամանակին` բոլորովին վերջերս, Արագած Ախոյանին, Մելիք Մանուկյանին (Շշերի Մելո), Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), Հարություն Ղարագյոզյանին (Կարամելի Հարութ), Գրիգորի Մարգարյանին (Բելաջոյի Գրիշ), բացի գործարարությունից, բարգավաճ հայրենիք կառուցելու «փափագից» եւ Գագիկ Ծառուկյանի հանդեպ տածած խոր ակնածանքից, միավորում էր նաեւ մեկ բան` ընդհանուր քաղաքական գաղափարը: Համենայն դեպս, նրանք ԲՀԿ կուսակցության անդամներ էին (բացառությամբ Բելաջոյի Գրիշի, նա գոնե անունով անկուսակցական է), իսկ կուսակցության անդամ լինել նշանակում է կիսել եւ կրել տվյալ կուսակցության քաղաքական գաղափարախոսությունը (թեպետ, խոստովանեմ, ԲՀԿ-ի գաղափարախոսությունն ինձ մինչ օրս էլ անհասկանալի է):
Հիմա պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ: Համենայն դեպս, Արագած Ախոյանը, Մելիք Մանուկյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը եթե անգամ ակնածանք տածում են Գագիկ Ծառուկյանի անձի հանդեպ, ապա այդ ակնածանքն ամենեւին էլ խորը չէ: Համենայն դեպս, այս հարգարժան պարոնները, խիստ ազդվելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից, որոշել են հերթով դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից եւ լինել, այո, այո, անկախ պատգամավոր:
Այսինքն` չի բացառվոմ, որ պարոնայք միասին նստել են ու որոշել` քանի որ ԲՀԿ-ի շուրջ օղակը սեղմվում է, իրենք էլ էդ տղերքը չեն, որ սեղմվեն, բացի այդ` պատգամավորի` մի քանի հարյուր հազար աշխատավարձից զրկվելն անիմաստ քայլ է, հատկապես` երբ կողմնակի եկամուտ չունես, հետեւաբար` դուրս գանք խմբակցությունից ու ավելորդ հարձակումների տակ չընկնենք:
Մելիք Մանուկյանը, այս առումով պետք է նշել, ավելի ազնիվ է գտնվել, նա ոչ թե խմբակցությունից դուրս գալու եւ անկախ պատգամավոր դառնալու դիմում է գրել, այլ միանգամից մանդատն է վայր դնում: Այսինքն` մարդը, ազդվելով նախագահ Սարգսյանի` «քաղաքականությունը մաքրում ենք քաղաքականության հետ կապ չունեցողներից» ոչ պաշտոնական հռչակագրից, որոշել է հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելուց եւ գլուխը կախ, հանգիստ, իր համար շարունակել բիզնես անել: Ընդ որում` առանց սկզբունքորեն դավաճանելու ԲՀԿ-ին:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ