կարևոր
1879 դիտում, 2 օր առաջ - 2025-05-29 10:15
Հասարակություն

Բասենում արձանագրվել են ոչխարի դաբաղի հաստատված դեպքեր․ այն նաև մարդկանց համար է վտանգավոր․ ահազանգում է պատգամավորը

Բասենում արձանագրվել են ոչխարի դաբաղի հաստատված դեպքեր․ այն նաև մարդկանց համար է  վտանգավոր․ ահազանգում է պատգամավորը

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է, որ Բասենում արձանագրվել են ոչխարի դաբաղի հաստատված դեպքեր։

«Բազմաթիվ ահազանգեր ստանալուց հետո երեկ Շիրակի մարզի Բասեն բնակավայրում էի:

Այս օրերին Բասենում արձանագրվել են ոչխարի դաբաղի հաստատված դեպքեր։

Վարակված կենդանիների սատկելուց հետո տարածքը կանգնած է լուրջ համաճարակային ռիսկի առաջ։

Սրտացավությամբ եմ հետևում ստեղծված իրավիճակին և ահազանգում եմ պատկան մարմիններին՝ Էկոնոմիկայի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և Շիրակի մարզպետարանին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։

Դաբաղը վտանգավոր է ոչ միայն կենդանիների, այլ որոշ դեպքերում նաև մարդկանց առողջության համար:

Համայնքում տվյալ պահին լուրջ քայլեր չեն ձեռնարկվել իրավիճակը վերահսկելու, պատվաստումներ իրականացնելու և տարածքը ախտահանելու համար։

Իշխանությունների կողմից այս հարցով ձգձգումները կարող են բերել լուրջ հետևանքների։

Ես պահանջում եմ՝

1. Անմիջապես հատկացնել պատվաստանյութեր և նյութատեխնիկական աջակցություն գյուղացիներին:

2. Կազմակերպել մասնագիտական խմբի այցելություն Բասեն՝ իրավիճակը գնահատելու և արձագանքման պլան մշակելու նպատակով։

3. Տեղեկացնել բնակիչներին՝ դաբաղի հնարավոր տարածման և կանխարգելման միջոցների մասին։

4. Կազմել վնասի հատուցման հստակ ժամանակացույց:

Բասենցիները կանգնած են լուրջ խնդիրների առջև՝ վտանգված է իրենց ապրուստի հիմնական աղբյուրը:

Նրանք այսօր ունեն պետության աջակցության կարիքը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս իրավիճակը շարունակվի պատկան մարմինների անգործության պատճառով։

Հետևում եմ զարգացումներին և պատրաստ եմ ներգրավվել բոլոր անհրաժեշտ մակարդակներում՝ խնդրի լուծման ուղղությամբ»։