կարևոր
61 դիտում, 1 օր առաջ - 2025-04-24 12:03
Հասարակություն

Հայաստանի դեսպանության պահանջով Աբրահամ Գասպարյանին արգելել են ելույթ ու հանդիպումներ ունենալ Թեհրանում

Հայաստանի դեսպանության պահանջով Աբրահամ Գասպարյանին արգելել են ելույթ ու հանդիպումներ ունենալ Թեհրանում

ԴէսիցԴէնից տելեգրամյան ալիքը գրում է․ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին արգելել են ելույթ ու հանդիպումներ ունենալ Թեհրանում։

«Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն, Մեծ Եղեռնի կենտրոնական ծրագրի ընթացքում բանախօսութիւն ունենալու համար Թեհրան հրաւիրւած անւանի լրագրող, վերլուծաբան Աբրահամ Գասպարեանին արգելւել է ելոյթ ունենալ այդ ծրագրի ընթացքում ու ընդհանրապէս մասնակցել որեւէ հանրային հանդիպման:

Թէ արգելքը որ շրջանակի կողմից է ներկայացւել այնքան էլ էական չէ: 

Կարեւորն այն է, որ կրկին մեզ փոխանցւած հաւաստի տեղեկութիւնների համաձայն դա տեղի է ունեցել ոչ աւել – ոչ պակաս Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան պահանջով:
Իհարկէ որքան էլ որ զարմանալի թւայ սա առաջին դէպքը չէ եւ նախկինում էլ ՀՀ դեսպանատան պահանջով Թեհրանահայ միութիւններում Հայաստանի իշխանութիւնների հանդէպ ընդդիմադիր հայեացքներ ունեցող քաղաքական գործիչների ելոյթների ու հանդիպումների համար խնդիրներ ու արգելքներ են ստեղծւել: Վերջին ու ամենաթարմ օրինակն ամիսներ առաջ Բագրատ Սրբազանի հետ կազմակերպւած համայնքային հանդիպման չեղարկումն է:

Ցաւով պիտի արձանագրենք, որ Հայաստանի պետութեանը ներկայացնող ու Հայաստանի պետական բիւջէից սնւող Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունն իր գլխաւոր առաքելութիւնն իրականացնելու փոխարէն լծւել է Սփիւռքում, այդ թւում նաեւ Իրանում ընդդիմադիր հայեացքներ ունեցող գործիչների հետապնդմամբ:

Իրանում Հայաստանի դեսպանութիւնն այն պայմաններում է ընդդիմադիր գործիչների հանդէպ նման հետապնդում ու հալածանք իրականացնում, երբ քար լռութիւն է պահում ու չի արձագանքում Իրանում պանթուրքիստական խմբաւորումների հակահայկական քայլերին:
Ցաւալի է, որ Իրանում Հայաստանի դեսպանութիւնը հայ անձի (նոյնիսկ ընդդիմադիր) դէմ նմանատիպ պահանջով է հանդէս գալիս օտար մէկ իշխանութեան մօտ ինչը բառի իսկական իմաստով կարելի է մատնութիւն անւանել:
Աւելի ցաւալին սակայն այն է, որ դա տեղի է ունենում Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառման հետ կապւած, որը հարիւրամեակից աւելի եղել ու շարունակում է մնալ Հայ ժողովրդի միասնականութեան խորհրդանիշներից մէկը:

Հայաստանի իշխանութիւնների ու նրանց ներկայացնող ՀՀ դեսպանութեան նման պահւածքը միայն մէկ բացատրութիւն կարող է ունենալ:

Դաւաճան իշխանութիւնները որեւէ առիթ բաց չեն թողնում վրէժ լուծելու իրենց դիմաց մեր համայնքի փակ մնացած դռների պատճառով ու այդ ճամբին չեն խնայում նոյնիսկ Մեծ Եղեռնի կենտրոնական ծրագիրը, միեւնոյն ժամանակ իրենց անձնական ցանկութիւնների իրագործման միջոց են դարձնում Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանն ու դեսպանին»: