կարևոր
2461 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 17:46
Աշխարհ

Իսմայիլ Բաղային դատապարտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները

Իսմայիլ Բաղային դատապարտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի` Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող» դերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են հենց Եվրամիության հեղինակությունը: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «IRNA» գործակալությունը։

«Կալասի հայտարարությունները, որոնցում նա ասում է, թե Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, անհիմն են, անտրամաբանական և կեղծ», - ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով` եթե Կալասն իսկապես մտահոգված լիներ Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության հարցերով, ապա ուշադրությունը կկենտրոնացներ Գազայի հատվածում ցեղասպանության և Լիբանանի ու Սիրիայի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի վրա:

Բաղային հավելել է` Կալասը, ի տարբերություն իր նախորդների, որոնք փորձում էին իրենց դիրքորոշումներում հենվել միջազգային իրավունքի վրա, իր հայտարարություններով խաթարում է Եվրոպայի հեղինակությունը և կասկածի տակ դնում նրա հավատարմությունը միջազգային քաղաքականության հիմունքներին։ Նույնիսկ եթե նման արտահայտությունները պայմանավորված են մասնագիտական փորձի պակասով, դրանք, Թեհրանի կարծիքով, անկողմնակալ դիտորդների աչքերում խաթարում են Եվրամիության կերպարը։