կարևոր
1063 դիտում, 1 օր առաջ - 2025-01-26 12:32
Արցախ

Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի օրն է

Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի օրն է

Քարինտակը հայկական մեծ պատմություն և ժառանգություն ունեցող գյուղ է։ Գյուղում պահպանվել են մոտ 900 տարվա հնության քարափոր տներ, ինչը վկայում է, որ Քարինտակը բնակավայր է եղել դեռևս շատ վաղ ժամանակաշրջանից։ Քարինտակը հիմնադրվել է ավելի քան 400 տարի առաջ։

Հայտնի է, որ քարինտակցիների նախնիների մի մասն այստեղ է տեղափոխվել Բերդաձորի Խծաբերդ և Դիզակի Թաղեր գյուղից 1700-ականներին։ Ըստ ավանդության՝ նրանք աչքի էին ընկնում իրենց խիզախությամբ և բարքերի կոպտությամբ ու հրաժարվում էին տուրք վճարել խաներին։ Գյուղը նաև հայկական գրչության մեծ կենտրոն է եղել։ 1890-ականներին Քարինտակն ուներ 174 ծուխ՝ 1068 բնակիչ։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Քարինտակը գտնվում էր ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանի կազմում։ 1988 թ․ Քարինտակում կազմավորվել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա ստեղծվել է Շուշիի ՊՇ 52-րդ գումարտակը։

1991 թ․ նոյեմբերի 19-ին հակառակորդը հարձակվել է Քարինտակի վրա։ Մի քանի ժամ տևած մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել։ Նույն թվականի դեկտեմբերին թշնամին նոր հարձակում է նախաձեռնել, սակայն վերստին հետ է շպրտվել։ 1992 թ․ հունվարի 26-ին հակառակորդը մոտ 500 զինյալներով և 3 զրահամեքենայով հարձակվել է Քարինտակի վրա։ Ադրբեջանական խումբը կարողացել էր ներխուժել Քարինտակ և հրդեհել ծայրամասի մի քանի տներ, սակայն հայկական զինված ուժերի միասնական ջանքերով հակառակորդը հետ է շպրտվել։ Քարինտակի ինքնապաշտպանությունը Արցախյան առաջին պատերազմի ամենահայտնի դրվագներից մեկն է, որը հաճախ կոչվում է նաև «Քարինտակի մեծ կռիվ»։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Քարինտակը օկուպացվել էր Ադրբեջանի կողմից։ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի Քարինտակի գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով, քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով։