կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 19:17
Հասարակություն

Աջապահյան. «Մեր պահանջը ռուսից է, ոչ թե իրարից»

Աջապահյան. «Մեր պահանջը ռուսից է, ոչ թե իրարից»

Վերջին օրերը ծանր էին Գյումրիի համար: Քաղաքը սգում էր, նաեւ՝ ընդվզում: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Շիրակի թեմի առաջնորդ եպիսկոպոս Աջապահյանը, որի հորդորով ցուցարարները խաղաղվեցին ու հեռացան մարզի դատախազության առջեւից, դժգոհ է, ասում է՝ չկարողացա ամբողջովին կանխել, վիրավորներ եղան: Սրբազանն ավելի վաղ էր դիմել ավտոերթի կազմակերպիչներին, որ մինչեւ հուղարկավորությունը որեւէ ակցիա չանեն` նախ` մարդկայնորեն ճիշտ չէ, նաեւ` այդ օրերին այլ տեղերից Գյումրի եկածներն են շատ լինում: Երեկ կեսգիշերից հետո Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հյուրընկալվել է «Ցայգ» հեռուստաընկերությունում եւ խոսել է իր մտահոգությունների մասին։

 

Yerkirmediaն հղում տալով  «Ցայգ» հեռուստաընկերությանը հարցազրույցը ներկայացնում է` հատվածաբար։

 

«Իրավիճակը դուրս եկավ հսկողությունից ինձ համար անծանոթ ուժերի կողմից, որոնք սադրեցին եղած կոնֆլիկտը»,- ասում է նա։   Միքայել սրբազանը նշում է՝ հավաքվածների 95 տոկոսն իր հորդորին անսացել է, բայց հետո` ենթարկվել արկածախնդիրներին, որոնք, ըստ նրա, գյումրեցիներ չէին:  

 

«Մեր պահանջը ռուսից է, ոչ թե իրարից»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդն ու ցավով արձանագրում՝ հիմարի կարգավիճակում հայտնվեցինք:

 

«Այլազգի ներկայացուցիչը մտել է մեր տուն, սպանել է մեր զավակներին, ինքը հիմա հանգիստ նստած է իր ռազմաբազայում` պաշտպանված, իսկ մենք իրար գլուխ ենք ջարդում` հայերով»:

 

Շիրակի թեմի առաջնորդը, թեեւ պաշտպանում է ցուցարարների պահանջը, որ ոճրագործը պետք է դատվի Հայաստանում եւ Հայաստանի օրենքով, բայց հանդարտության կոչ է անում: Քանի դեռ Հայաստանի իրավապահներն աշխատում են, պետք է սպասել:  

 

«Քանի դեռ գլխավոր դատախազի գլխավորությամբ դատախազությունն աշխատում է այն ուղղությամբ, որ ոճրագործը հանձնվի հայ իրավապահներին, ուրեմն այս պահին մենք միտինգներ, ցույցեր, ընդվզումներ, իրար գլուխ ջարդելու անմտություն չպետք է ունենանք: Եթե Ռուսաստանի պատկան մարմինների կողմից մենք ստանանք մերժում, այն ժամանակ կարող ենք ոտքի կանգնել առանց արկածախնդրությունների, մեր բողոքը հայտնենք»: