կարևոր
349 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-09 11:31
Հասարակություն

Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»

Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցավոք, որքան ավելի են վատանում երկրի ու ժողովրդի գործերը, Փաշինյանի «մասնագիտական» փորձարկումներն ավելի «բազմազան» են դառնում. նա մե՛կ էպատաժային հեծանվորդ է, մե՛կ՝ էթիկայի նուրբ գիտակ ու բարոյախոս, մե՛կ փիլիսոփա (բնականաբար՝ «ծակ» տարբերակը), մե՛կ իբր խոհարար, մե՛կ էլ...

Սուրբ ծննդի ճրագալույցին Փաշինյանը որոշել էր, որ նաև հոգևոր հովվի դերակատարում պիտի ստանձնի ու պիտի ժողովրդի գլխին քարոզ կարդա, կոնկերտ՝ սաղմոս: Ըստ որում, Փաշինյանը չնկատվեց Սուրբ ծննդյան Հայրապետական պատարագի ժամանակ: Նա, որ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող է համարվում, առնվազն ըստ հաստատված արարողակարգային ավանդույթի, գլխավոր եկեղեցական տոների ժամանակ, այն էլ՝ Կաթողիկոսի մատուցած պատարագին տրամաբանորեն պետք է որ ներկա գտնվի: Բայց արդեն քանի տարի նա ու իր թիմակիցները փախչում են Եկեղեցուց:

Փոխարենը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդից՝ Կաթողիկոսից առաջ ընկնելով՝ որոշել էր Սուրբ ծննդի առթիվ ոչ թե շնորհավորանք, այլ «ուղերձ» հղել՝ սաղմոս կարդալ: Ընտրած սաղմոսն էլ, կներեք, մանավանդ, որ Փաշինյանի շուրթերից էր հնչում, ավելի շատ վատ քողարկված սպառնալիքի տպավորություն թողեց: Դա Դավթի սաղմոսն էր, որ նա ասել է այն ժամանակ, երբ փախել է իր որդու՝ Աբիսողոմի երեսից:

Ի՞նչ է ասվում այդ սաղմոսում: Տեսեք. «Տե՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ դեմ»։ Իբր Փաշինյանը չգիտի՞, թե ինչ աղետներ է գործել, և ինչու են շատերը ելել իր դեմ: Ու հետո, թե՝ «Արի՛, Տե՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղավորների ատամները կփշրես»: Իբր ինքն անմեղն է, ու իբր Աստված իրեն օգնելու է ու փշրելու է իր հակառակորդների ատամները: Հասկանում եք, չէ՞, որ հակառակորդ ասելով նա թշնամի երկրներին նկատի չունի, այլ հայերին:

Դժվարանում ենք ասել, թե Փաշինյանի մտքով ու երևակայությամբ էլ ինչեր են անցնում: Դե, Թումանյանի հետ համեմատվել է, Հիսուսի հետ՝ նույնպես: Համեմատություններ էլի են եղել: Հիմա էլ ինքզինքը «հոգևոր հովվի» տեղ է դրել:

Նա ինքն իրեն ներկայացնում է որպես քրիստոնեական արժեքներին ու կանոններին հետևող, բարեպաշտ մեկը: Բայց միայն ներկայացնում է, իրականությունն այլ է: Բացի Եկեղեցու դեմ բացահայտ պատերազմը, նույն Ճրագալույցի «քարոզ» կարդալուց հետո, մի գիշեր անց, մեկ էլ, առավոտյան, հոպ՝ ամանորյա սեղանին մնացած եղածչեղած մսեղիքով խառնափնթոր ձվածեղ է անում ու դա խոթում մարդկանց աչքը: Իբր ի՞նչ, էլի: Նախ՝ Սուրբ ծննդյան օրը հայ առաքելական քրիստոնյաները ձվածեղ չեն անում: Փլավ են անում, կանաչեղեն են տապակում, ձուկ են պատրաստում: Երկրորդ՝ նրա մտքով երևի չի էլ անցնում, որ այդ կերպ կարող է վիրավորել բազմաթիվ իրական հավատացյալ մարդկանց կրոնական զգացմունքները: Չնայած, երևի թե լավ էլ անցնում է ու հատուկ է ի ցույց դնում իր հակաքրիստոնեական կամ առավել ստույգ հակաառաքելական կեցվածքը:

Ու, հա, հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ քչով բավարարվելու, տոննայով մթերք չառնելու, չփչացնելու մասին էր խոսում Փաշինյանը: Իսկ իր տոնական սեղանին այնքան ավելորդ մթերք կա, որ Ամանորի յոթերորդ օրը դեռ «ռասխոդ» է անում: Ի դեպ, մասնագետներին որ լսեր, կիմանար, որ կտրատած երշիկեղենը նույնիսկ սառնարանում երկար չի կարելի պահել...

Իսկականից որ՝ փրկեա մեզ, Տե՛ր, այս աղետից: