Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, թե ինչպես են օրը ցերեկով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վրա 3 բետոնե խոշոր ծաղկաման շարել և ապօրինի կերպով փակել տրանսպորտային երթևեկության համար (դա փաստող լուսանկարները՝ այստեղ): Արդյունքում, Դավթաշենի կամրջից դեպի 16-րդ թաղամաս ու Աշտարակի խճուղի գնացող մեքենաները ստիպված են մի խաչմերուկ իջնել ներքև ու նորից բարձրանալ վերև, նույնը՝ հակառակ ուղղությամբ:
Գրավոր դիմել էինք քաղաքապետին՝ հետաքրքրվելով՝ տեղյա՞կ է նշված ապօրինության մասին: Պատասխանից ենթադրելի էր, որ փողոցը բացվել է: Այդուհանդերձ, ինչպես մենք պարզեցինք այցելելով նշված վայր, բետոնե ծաղկամանները շարված էին այնպես, ինչպես նախկինում, և փողոցը, բնականաբար, փակ էր (այդ մասին փաստող լուսանկարներն՝ այստեղ):
Վերստին դիմեցինք քաղաքապետին՝ պարզելու համար՝ թաղապե՞տն է խաբել ու սխալ զեկուցել իրեն, թե՞ քաղաքացիներն առանց վախենալու ծաղկամանները նորից շարել են իրենց տեղերում:
Ինչպես պարզվեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պատասխան գրությունից՝ երկրորդ տարբերակն է գործել. ծաղկամանները հեռացվելուց հետո բնակիչները նորից շարել են դրանք փողոցի վրա ու փակել այն երթևեկության համար:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը վերջին պատասխան նամակով տեղեկացրել է, որ փողոցը փակ պահող բետոնե ծաղկամաններն այս անգամ բեռնատարի միջոցով հեռացվել են փողոցից: Մեզ են տրամադրվել նաև դա փաստող լուսանկարները:
Շնորհակալ ենք արձագանքելու և խնդիրը կարգավորելու համար: Հուսանք՝ առաջիկայում փողոցը փակ չենք տեսնի այլևս: Ի վերջո՝ եթե բոլորը, իշխանության ամենաբարձր օղակից մինչ շարքային բնակիչ, երկրին, քաղաքին, փողոցին ու բակին վերաբերվեին այն բարձր գիտակցությամբ, որ ՀՀ-ն, Արցախը երկիր, պետություն ու հայրենիք են, անսակարկելի արժեք, այլ ոչ որբի գլուխ, մենք այս գաղջի մեջ երբեք չէինք ընկնի:
Վահե Սարգսյան