կարևոր
388 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 14:56
Քաղաքական

ՀՀ-ից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի շոուին, եթե Բաքվում դեռ ունենք գերիներ․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի կազմակերպած միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք պատանդառված անձինք և ռազմագերիներ։ Կարծում եմ, որ ՀՀ հիմնական և գլխավոր նախապայմաններից պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելու դեպքում էլ, եթե մասնակցեն COP29-ին, ապա շատ կարևոր է նաև Բաքվում բարձրաձայնել այն մնացած խնդիրները, որոնք կան, գոյություն ունեն՝ ադրբեջանական ագրեսիայի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, ցեղասպանության, ինչպես նաև՝ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
 

«Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP29-ին, ապա հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և այն ապօրինությունը, որն այս պահին կա՝ ռազմագերիներ և Արցախի ռազմական, քաղաքական ղեկավարությունը գտնվում են Բաքվում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
 

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ԱԺ հրատապ նիստ գումարելու։ Հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հայտարարություն անի՝ Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։
 

«Նախաձեռնությունն արդեն մուտքագրել ենք, հավանաբար՝ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին։ Դրանից զատ վաղը՝ ժամը 14։00-ին, ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների դեսպանատների, ԱԳՆ դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություններին, COP29-ին մասնակցող պատվիրակներին հանդես գալ կոչով, լինել հետևողական, ստիպել և պահանջել, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։