Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտություններին, թե որքան է այդ պարտություններում ֆեդերացիայի նախագահի դերը:
«Միգուցե մարզիչը մտածել էր նոր խաղացողների դաշտ մտցնել, որպեսզի մոտիվացիա լիներ, քանի որ խմբից դուրս գալու շանսեր այլևս չկային: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում և երկրորդ խաղակեսի սկզբում որոշակի ձեռագիր կար, բայց դա բավարար չէր այդ ամբողջն իրականացնելու համար»,- կարծիք հայտնեց նա:
Թովմասյանը հուսով է, որ Եվրոպայի առաջնության նախնական փուլում մենք շատ ավելի կազմակերպված կլինենք:
«Մենք պետք է լուրջ մտածենք նաև մանկապատանեկան ֆուտբոլի մասին: Ինքս ունեմ տղա, ով 12 տարեկան է և ամբողջ հոգով-սրտով զբաղվում է ֆուտբոլով, և ես նպատակ ունեմ, որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա»,- ասաց նա:
Թովմասյանը միևնույն ժամանակ նշեց, որ սիրում է ֆուտբոլը, ցավում է մեր ֆուտբոլի համար: «Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա այն ներդրումները, այն աշխատանքները, որ կատարվել են, ահռելի են: Եթե դուք երբևէ լինեք ֆուտբոլի ակադեմիայում, տեսնեք պայմանները, կհասկանաք, որ շատ երկրներ կերազեին նման ենթակառուցվածքներ ունենալ: Այս տարիների ընթացքում կառուցվել է Շիրակի ֆուտբոլի ակադեմիան, կառուցվում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: Սրանք լուրջ ներդրումներ են, որոնք իրենց արդյունքը պիտի տան»,- ասաց նա:
Պատգամավորը հայտարարեց, որ Ֆուտբոլով շատ ավելի մեծ թվով երեխաներ պետք է զբաղվեն, շատ ենթակառուցվածքներ պիտի ունենանք և հուսանք, որ նրանցից նոր Հենրիխ Մխիթարյաններ պիտի դուրս գան:
Հարցին` Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը տեսնո՞ւմ է հավաքականի անհաջողություններում, նա արձագանքեց. «Ես անկեղծ պիտի ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը բացարձակ չեմ տեսնում: Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, կտեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները: Կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում` անցած տարիների ընթացքում հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված ներդրումները և աշխատանքները, որոնք կատարվել են, անմիջականորեն կապված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ»:
Հրայր Թովմասյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ՀՖՖ նախագահի փոփոխությունը կարող է փոխել իրավիճակը: Նրա խոսքով՝ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք դրսի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների բերել հավաքական:
Հիշեցնենք, որ երեկ Լեհաստանի հավաքականի հետ խաղում, մեր հավաքականը պարտվեց 1:6 հաշվով: