կարևոր
3709 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-04 10:03
Քաղաքական

Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակները․ «Հրապարակ»

Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։

Հանդիպմանը մասնակցել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ինչպես հանրությանը հայտնի ակտիվ գործիչներ, այնպես էլ անհայտ դեմքեր։ Մասնակցել են Թեւան Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը, Կարեն Բեքարյանը եւ այլք։ Քննարկվել են շարժման մարտավարությունը եւ խոսնակների դերը: Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտություն կա, ամեն մեկը պետք է խոսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացահայտումներ անեն, իշխանության ստերը վեր հանեն՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ու հոգեւոր եւ այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտավոր կարողությունները եւ հորդորել է ակտիվ ներգրավվել իշխանության դեմ պայքարին՝ կլինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թե հեռուստատեսության: Ասել է, որ պետք է թիրախային աշխատանք տանել, սակայն հստակ հանձնարարականներ չի տվել, նշել է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանատվություն վերցնի եւ ակտիվ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշվել է, որ տեղեկատվական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։