Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել»։
«Կարևոր այն է, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին», - ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ հայերը պաշտպանել են իրենց տարածքը, կյանքեր են տվել, դա կարևոր են համարել պատմական տեսանկյունից:
«Հայաստանի՝ որպես պետություն, գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա: Նրանք արձագանքում էին պետության՝ քաղաքական, հասարակական գործիչների կոչերին, քանի որ գիտեին՝ հանուն ինչի են գնում մարտի, հանուն ինչի են զոհաբերում իրենց բարեկեցությունը, հանուն ինչի են իրենց կանանց ու երեխաների այրիության և որբության դատապարտում: Ինչպե՞ս է հնարավոր նրանց հիշատակը նման ցինիկ կերպով դավաճանել, զրոյացնել այն, ինչը նախկինում, և կարծում եմ նաև հիմա, Հայաստանում համարվում էր հերոսություն: Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող մարդկանց այսպես վիրավորել սեփական ժողովրդին: Երևի այս հարցին պետք է պատասխանի ինքը՝ հայ ժողովուրդը: Ինձ համար տարօրինակ է, որ մարդիկ կարող են նման ձևով՝ ոչ միայն անպատասխանատու, այլ ստորացուցիչ կերպով վերաբերվել սեփական ազգի՝ բազմաչարչար ժողովրդի պատմական հիշողությանը», - ասել է Զախարովան:
Նա նշել է, որ հայ ազգն անցել է բազում պատմական փորձությունների միջով և որ նրա հիշողությունում թարմ են մարդկության ժամանակակից պատմության ողբերգական էջերը:
Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր ասել էր.«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»: