կարևոր
4366 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 12:00
Քաղաքական

Փաշինյանի ընտանիքը Սրբազանի հետ հեռակա պատերազմի մեջ է. Աննա Հակոբյանն ասում է՝ լավ եմ անում. Գեղամ Մանուկյան

«Չկայացածի վրեժխնդրություն»՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսպես է բնութագրում Արցախի ներկայացուցչությունում օրերս տեղի ունեցածը։ Հունիսի 21-ին դիմակավորված հատուկջոկատայինները  կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասները և էվակուատորով առգրավել էին Արցախի նախագահին սպասարկող մեքենան: 

«Փաստինֆո»-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում Մանուկյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի հեռախոսազրույցին։ «Հեռախոսազրույցի մասին պատմող կարճ հաղորդագրության մեջ 3 անգամ նշվում է «առաջնորդներ» բառը՝ երկրների «առաջնորդները», որը հայաստանյան հաղորդագրության լեզվամտածողությանն անհարիր է։ Ենթադրաբար, թարգմանություն էր՝ անգլերենից արված, որն էլ արված է թուրքերենից, «լիդերի» թարգմանությունը ավտոմատ սարքել են առաջնորդները»։

Դաշնակցական գործիչը նաև նշել է, որ Թուրքիայի արձագանքը Պաղեստինի ճանաչմանը շատ արագ էր ու պատահական չէ, որ դա հաջորդել էր այդ հեռախոսազրույցին։ «Էրդողանի քաղաքական գիծն էր՝ հնարավորինս շատ երկրների ճանաչել տալ Պաղեստինը, ինչը հենց իր քաղաքական միավոր ձեռք բերելու համար է։ Անզեն աչքով երևում է՝ Թուրքիային զանգ, Պաղեստինի ճանաչում, Թուրքիայի արձագանք։ Այսինքն, Պաղեստինի ճանաչումը թուրքական դիվանագիտության զամբյուղի մեջ ևս մեկ հավկիթ դնել է»։

Խոսելով Սփյուռքի հետ նոր կոնցեպտում հարաբերության մասին Փաշինյանի հայտարարությունը, ըստ Գեղամ Մանուկյանի՝ հայկական ուժականությունը ոչնչացնել է նշանակում։ 
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիք»  շարժմանը` գործիչը նշեց, որ Սրբազան պայքարի ձեռքբերումն այն է, որ Փաշինյանը լրատվական օրակարգերից դուրս էր մղվել։ «Հիմա ամեն ինչ արվում է, որ ոչ մեկ չասի, թե լավ ո՞նց է լինում, որ պետության ղեկավարի ընտանիքը ռեկետ է անում, ասում է՝ 10 մլն դրամ պետք է տաք»։ 

Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանի ընտանիքը Սրբազանի հետ հեռակա պատերազմի մեջ է։ «Սրբազանն ասում էր՝ առաջ հեծանիվով էիր ման գալիս՝ Փաշինյանը սկսեց հեծանիվ քշել, Սրբազան պայքար տելեգրամյան ալիքն ասաց, որ գործարարներից փող են հավաքում՝ Աննա Հակոբյանն ասաց՝ լավ եմ անում, սա էլ նամակը։ Սա հերթական ցինիկությունն էր, թե՝ իշխանությունն իմն է, ոստիկաններն իմն են, ուժայիններն իմն են՝ ինչ կուզեմ կանեմ»։

Զրույցի թեմաներից մեկը եղել է ԱԺ-ում իմպիչմենթի գործընթացի չիրականացումը։ «ՔՊ խմբակցությունը գերի է Փաշինյանին։ Մի օր այդ գերությունից կազատվի, բայց հիմա գերի է շատ ծանր կապանքներով կապված։ ՄԻ հոգու հարց կա՝ Իշխան Զաքարյանի։ Տեսնում եք՝ վերջերս քրեական գործը կարճվեց, գույքը բռնագրավվեց»։ Մանուկյանը անհավանական չի համարում, որ կարող է մի օրում ամեն ինչ փոխվել։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մեր երկրում մթնոլորտը էլեկտրականացված է, գուցե դա ակցիաներով չի արտահայտվում, բայց այնպիսի մթնոլորտ է, որը պայթելու է։