Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 531 հոդված, որոնցից 42-ը եղել է բացասական, 25-ը՝ դրական, 464-ը՝ չեզոք։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աստիճանաբար փորձում է շտկել իրավիճակը լրատվական դաշտում։ Այս տասնօրյակում դրական հոդվածներն ավելացել են, չնայած այն հանգամանքին, որ բացասական հոդվածները շարունակում են լինել տարաբնույթ և գերակշռում են։ Քննադատվել է Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի այցը Սինգապուր։ Մասնավորապես լրատվականները քննադատել են Աննա Հակոբյանի տեղադրած նկարները՝ նշելով, որ երկրի սոցիալ տնտեսական վիճակում այս ամենը չի ընկալվում։
Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս պաշտպանական մարտերում զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը վրդովված է, նա իր խոսքում նշել է, որ օգնության խնդրանքով դիմել է Աննա Հակոբյանին, բայց տիկին Հակոբյանն անպատասխան է թողել խնդրանքը։
Աննա Հակոբյանին քննադատել են նաև հայ երկու կաթողիկոսարանների և կաթողիկոսների մեջ տարբերություն դնելու համար։ Վերջերս տիկին Հակոբյանը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ և գրառում է կատարել։ Մամուլը նշում է. «Հիշում ենք՝ Ամենայն հայոց վեհափառի հետ էլ է Աննա Հակոբյանը հանդիպել, բայց նմանաբնույթ գրառում չենք հիշում։ Ի՞նչ է սա․ ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի հանրային բարձր վարկանիշը շահագործելու բարեպաշտ-խելացի կանացի քայլ»։
Որպես դրական երևույթ շարունակում է համարվել Աննա Հակոբյանի հայկական բրենդային հագուստ նախընտրելը և այս տասնօրյակում լրատվականները գնահատել են Աննա Հակոբյանի ժեստը։ Նա Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին, նրանց նվիրել ձեռագործ տիկնիկներ։
Աննա Հակոբյանը գիտակցում է, որ քաղաքական գործընթացների մասին կարծիք հայտնելն իր համար բացասական ազդեցություն է ունենում և փորձում է դիրքավորվել առավելապես սոցիալ-մշակութային ոլորտում։ Հիմնադրամին ուղղված քննադատություններ նույնպես կան, հիմնադրամի շուրջ դեռևս դրական վարկանիշ չի հաջողվում ձեւավորել։