կարևոր
4645 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 21:16
Հասարակություն

Բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք

Բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք

Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք, ընդ որում դրանցից 5-ը՝ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

«Մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտելով լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը, արձանագրում ենք, որ չնայած ծառայողական քննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ պահանջներին՝ ոստիկանությունը մինչ օրս հանրությանը չի տեղեկացրել այդպիսի գործընթացի կամ դրա արդյունքների մասին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք․    

հանդես գալ հաղորդագրությամբ և տրամադրել տեղեկություններ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունների դեպքերի քննության վերաբերյալ,

գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ երկրում տեղի ունեցող զանգվածային ակցիաները միտում ունեն շարունակվելու, իսկ դրանք, ցավոք, հաճախ ուղեկցվում են նաև ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտումներով, մենք ուշադրությամբ հետևելու ենք իրադարձություններին,  արձանագրելու ենք բոլոր փաստերը և դրանք մեր գնահատականներով հանդերձ՝ պարբերաբար ներկայացնելու ենք հանրությանը:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ »,-ասված է հայտարարության մեջ: