կարևոր
3079 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-14 14:42
Հասարակություն

Պատահակա՞ն էր Perfect.TV-ի Ստելլայի ակտիվությունը եկեղեցու ուղղությամբ    

Պատահակա՞ն էր Perfect.TV-ի Ստելլայի ակտիվությունը եկեղեցու ուղղությամբ    

Տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում էր Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Գևորգյանին իբր կարգալույծ անելու հարցը։ Այս ամենի հիմքում, իհարկե,  իշխանական թևի կարկառուն ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հասարակական հիմունքներով օգնական, հասարակության անտեղյակ հատվածին մոլորեցնող, հիմարացնող Perfect.TV կոչված հարթակի դեմքերից մեկի՝ Ստելլա Սարուխանյանի հայտարարությունն էր, մեկի, ով չի դադարում զարմացնել իր մոլորեցնող «հմտություններով»։

Նշված անձն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր տարածել, ըստ որի, իբր, Հայր Միքայելի՝ Տաթևում ծառայությունը կարող է դադարեցվել, թե, իբր, եկեղեցում սատանան է բույն դրել։  Չգիտես ինչու և որտեղից Ստելլա Սարուխանյանին տեղեկատվություն էր հասել, թե, իբր, Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Գևորգյանին պետք է կարգալույծ անեն։ Արդյունքում՝ նա, այսպես ասած, բարեպաշտության քարոզ էր սկսել իր էջում՝ ասելով, որ Հայր Միքայելը  Տաթևի վանքինն է, վանքն էլ իրենը, և եթե բոլորը ոտքի կանգնեն ու պահանջեն՝ նա կմնա։

Սպուտնիկ  Արմենիային հայտնած զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը ասել էր, որ Մայր Աթոռը Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Գևորգյանին կարգալույծ անելու հարցը չի քննարկում:

Ինքը՝ Տեր Միքայելը ևս իր ֆեյսբուքյան էջով հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով,  որ շարունակում է եկեղեցական սպասավորություն բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չի մատուցում։ 

«Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն»,- նշել է Տեր Միքայելը։

Մնում է ենթադրել՝ ինչու՞ է Փաշինյանի ընտանիքի մոլի երկրպագու Ստելլա Սարուխանյանը խեղաթյուրում իրականություն և քիթը խոթում հոգևոր-եկեղեցական ոլորտ։ Իսկ եթե փաստենք, որ նրա հայտարարությունից հետո տարածվեցին այնպիսի  վերնագրերով նյութեր, ինչպիսիք են՝ «Հայր Միքայելը պետք է դառնա Ամենայն Հայոց կաթողիկոս» և այլն, ապա պարզորոշ կդառնա, թե որտեղ է թաղված շան գլուխը, և ինչու էր ակտիվացել Վեհափառ Հայրապետի խոսքը բացահայտ մերժող իշխանության կարկառուն դեմքերից մեկը՝ Perfect.TV-ի Ստելլան։  

Անժելա Սեդրակյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, 

կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին, 3-րդ կուրս