Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանեան «քաղաքական դաշտում» վերջերս յաճախակի են դարձել երկրի արտաքին քաղաքականութեան վեկտորի կամ օրիենտացիայի (դիմաշրջում) յստակեցման մասին ինչպէս փորձագիտական, այնպէս էլ հասարակական-հանրային քննարկումները։ Այնինչ, սակայն, պարզ է ու յստակ, դա Հայաստանի իշխանախմբի բազմիցս բարձրաձայնած կողմնորոշումն է, որով մէկ կողմից պախարակւում են Ռուսաստանի հետ միասին՝ նրա գլխաւորած այս կամ այն ռազմա-քաղաքական դաշինք ու տնտեսական հաւաքական միութիւն (ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ), իսկ միւս կողմից կարեւորում-գովերգում են արեւմտա-եւրոպական բլոկի ու մասնաւորապէս դրա ռազմա-քաղաքական աջակցութեան յուսալիութիւնը (յիշենք նաեւ սրանից շուրջ երեք ամիս առաջ Երեւանում ԱՄՆ ռազմական սահմանափակ միաւորների հետ համատեղ զօրավարժութիւնները)...։
Որեւիցէ երկրի Արտաքին քաղաքականութեան վեկտորի ճշտորոշումը պայմանաւորւած է այդ երկրի աշխարհագրա-քաղաքական,տնտեսական, ռազմական, ժողովրդագրական եւ այլեւայլ կարելիութիւններով։
Աննպաստ աշխարհագրական դիրքը, ներքաղաքական անկայուն իրավիճակը եւ դրանից բխող տնտեսական ոչ-յուսալի հեռանկարը եւ այլն, ուղղակիօրէն ազդում են տւեալ երկրի արտաքին քաղաքականութեան ուղղութեան վրայ՝ դրական կամ բացասական առումներով։
Տւեալ պայմաններից բխող բացասական կողմը դա արտաքին ուղղութեան ճշտորոշած վեկտորի (արեւմտեան կամ արեւելեան) բլոկներից մէկին կամ միւսին լիակատար կախւածութիւնն է, որն ըստ էութեան վտանգում է նոյն երկրի ինքնիշխանութիւնն ու պետական համակարգի օրգանների բնականոն գործունէութիւնը։ Դա նաեւ արդիւնք է ոչ գրագէտ եւ արկածախնդիր դիւանագիտութեան։
Դրական կողմը, սակայն, այս կամ այն բլոկին ամբողջովին չտրւելու դիւանագիտական արւեստին տիրապետելն է։ Իսկ սրա արդիւնքում հնարաւոր է դառնում ինչպէս հարեւան, այնպէս էլ մինչեւ իսկ գերմեծ ուժ համարւող երկրների հետ յարաբերութիւնները ուղղոդել բնականոն հուն, ապահովելու համար երկուստեք ազգային թէ պետական շահերը։
Յատկանշական է, որ Հայաստանի նախորդ իշխանութիւնների արտաքին քաղաքական վեկտորը կամ կողմնորոշումն խոշոր տոկոսով հէնց այդպիսին է եղել՝ բնութագրւելով որպէս «Կոմպլիմենտար» քաղաքականութիւն, որն էլ գործնապէս յաջողութիւններ էր արձանագրել, ինչպէս Արցախեան հիմնահարցի, այնպէս էլ՝ թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Ռուսաստանի, եւ թէ՛ առաւել եւս Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ բնականոն յարաբերութիւնները կարգաւորելու եւ զարգացնելու ուղղութեամբ։
Այլ խօսքով՝ նոյն գերմեծ երկրների նոյնիսկ «աջակցութիւնը գնահատելի է, երբ այն յենւած է «Առ եւ Տուրի» եւ ո՛չ թէ «Տուր եւ Առի» վրայ»*)...։ Ցաւօք, այս հասկացութիւնը, մասնակի բացառութիւններով հանդերձ, տիրական չի եղել միջազգային ասպարէզի վերջին տասնամեակների եւ յատկապէս մերօրեայ յարաբերութիւններում, քանզի համաշխարհային պարտադիր «օրինաչափութեան» համաձայն՝ «ուժն է ծնում իրաւունքը» եւ ոչ թէ հակառակը...։
Անհրաժեշտ ենք համարում այս սիւնակի այսօրւայ թեմային խիստ համահունչ մի պատմական դրւագի անդրադառնալ։
1979 թւականին, Իրանում յետյեղափոխական սկզբնական ժամանակաշրջանում, ռազմավարական առաջնակարգ հիմնահարց էր կրօնապետական երկրի արտաքին քաղաքականութեան վեկտորի կամ օրիենտացիայի ճշտորոշումը։ Յեղափոխութեան էլիտայի ու քաղաքական վերնախաւի հետ հերթական հանդիպման ժամանակ, ահա, յեղ. առաջնորդ եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնադիր Այաթօլլահ Խոմէյնին խիստ ուշագրաւ մի յայտարարութիւն է անում, որով էլ ամուր հիմքի վրայ է դրւում նոր համակարգով օժտւած երկրի արտաքին քաղաքական վեկտորը, որն ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ ինքնուրոյն, ինքնիշխան եւ երկրի անկախութիւնը երաշխաւորող մի համարձակ քայլ։
Ահաւասիկ՝ Այաթօլլահ Խոմէյնին ընդգծելով, որ մեծապետական երկրների հետ յարաբերութիւններում պէտք է լինել չափազանց զգօն եւ չխաբւել նրանց կեղծ ժպիտներին ու խօսքերին, շեշտադրեց. «Ռուսաստանը Ամերիկայից է աւելի վատը, Ամերիկան՝ Ռուսաստանից, իսկ Անգլիան՝ բոլորից աւելի վատը...»։
Եւ մինչ օրս, աւելի քան 44 տարի, Իրանը միեւնոյն արտաքին վեկտորով ու օրիենտացիայով դիմագրաւում է նոյն գերուժերի ամենատարբեր ճնշումները, քաղաքական-տնտեսական, ռազմական-տեռորիստական ու քարոզչական գրոհներն ու սանկցիաները։ Իսկ որ ամենակարեւորն է՝ անվտանգ է ու ամբողջական՝ երկրի հող-հայրենին ու պետականութիւնը։
Եւ անտարակոյս, թէ՛ ինձ՝ որպէս հայրենամերձ իրանահայի, եւ թէ՛ Հայաստանի մեր քոյր-եղբայրների ու յատկապէս երկիր Հայաստանի համար Իրանը հանդիսանում է ամենավստահելի հարեւանն ու ազնիւ գործընկերը, որի հետ ռազմավարական տարատեսակ կապերի ամրապնդումը մեծ առաւելութիւններ է կարող հաղորդել արտաքին քաղաքականութեան հայանպաստ ու Հայաստանանպաստ ուղղութիւնները ճշտորոշելու համար։
Նոր տարւայ բարի մաղթանքների հետ միաժամանակ, թող ազգովի յուսադիր հայեացք նետենք համազգային ու հայրենական կորուստների վերականգնման հնարաւոր հեռանկարին, որպէսզի լայն ասպարէզ բացւի միեւնոյն համազգային ու հայրենական անխուսափելի յաղթանակների համար։
__________
*)- Ռուբէն, «Հայաստան միջցամաքային ուղիներու վրայ», էջ 179, Թեհրան-1983 թ., Վարանդեան հրատ.։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու