կարևոր
3109 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-20 16:51
Քաղաքական

Խաղաղության պայմանագիրը որևէ ձև չի կարող կանխել Հայաստանի վրա նոր ագրեսիան. Սաղաթելյան

Խաղաղության պայմանագիրը որևէ ձև չի կարող կանխել Հայաստանի վրա նոր ագրեսիան. Սաղաթելյան

Երեկ Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցն էր: Մեկ ժամից ավելի տևած հարց ու պատասխանի նպատակն ու մեսիջները հասկանալն այնքան էլ բարդ չէ, քանի որ, ինչպես միշտ, Փաշինյանը պտտվում էր նույն կծիկի շուրջ։ Սա մեր տպավորությամբ։ 

Իսկ ի՞նչ տպավորություն է այս հարցազրույցից ստացել ընդդիմությունը․ պատասխանը ստանալու համար MediaHub-ը զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:

«Տպավորություն էր, որ Ադրբեջանի մի հպարտ քաղաքացի Հանրապետության հրապարակում սալյուտ էր խփել Արցախը վերցնելու համար ու գնացել Հ1` հարցազրույցի»,- կարծիք հայտնեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ բարդ է մեկնաբանել մի մարդու, որն այս վիճակում էլ փորձում է ադրբեջանական թեզերն առաջ տանել։ Դիտարկմանը, որ կարմիր գծով Փաշինյանը շարունակում է առաջ տանել «խաղաղության» օրակարգը, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ Փաշինյանի օրակարգը խաղաղության հետ կապ չունի։ 

«Երբ Ադրբեջանը շարունակում է մնալ ՀՀ տարածքում, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է, խաղաղության մասին խոսելը լուրջ չէ»,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրականում տեղի է ունենում Ադրբեջանի պայմաններով, ուժի սպառնալիքի տակ փաստաթղթի քննարկում, որը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ նաև նոր ական է դառնալու հաջորդ պատերազմի համար։

«Պարտություն բերած անձը փորձում է խաղաղության անվան տակ նոր զիջումներ բերել Հայաստանին։ Ու իր բոլոր արդարացումներն ու հիմնավորումները միտված են երկու բանի․ նախ փորձում է իր նախկին արածները մարսել, և երկրորդ՝ հանրությանը պատրաստում է նոր զիջումների։ Ամեն բան հստակ է․ Ադրբեջանն էլ իր ձեռք բերածն է փորձում ֆիքսել այդ փաստաթղթով։ Էդ փաստաթուղթը որևէ ձև չի կարող կանխել Հայաստանի վրա նոր ագրեսիան»,- ասաց Սաղաթելյանը։ 

Նա շեշտեց, որ Փաշինյանն իր այս հարցազրույցներով, իր խամաճիկներով ու տերերով մի նպատակ ունի՝ ժողովրդին համոզել, որ իր մինչ այժմ գործած հանցանքներն արդարացում ունեն։ 

«Բացի այդ, նա փորձում է մարսել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները։ Իսկ մեր խնդիրն է ժողովրդին բացատրելը, թե ինչ է սպասվում մեզ։ Ու հիմա ակտիվորեն մարզային այցեր ենք իրականացնում»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է նախքան այս հարցազրույցը եթեր հեռարձակելը ընդլայնված կազմով ԱԽ նիստ հրավիրելուն, ապա Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ է բերել այս ժողովրդի գլխին։ «Որքան էլ սալյուտ խփի, փորձի եղածը մոռացության տալ, դա երկար չի տևի»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ էր հրավիրել, որին մասնակցել են անգամ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլք: