կարևոր
1489 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-22 11:46
Հասարակություն

Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն

Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզն ու Երևանը կիրակի օրը` հոկտեմբերի 22-ին,  կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների գնման պայմանավորվածությունները, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Le Parisien»-ին։

«Անհրաժեշտ է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը», - հայտարարել Է նախարարը հարցազրույցում:

Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը հավանություն է տվել Հայաստանին ռազմական տեխնիկայի տրամադրմանը նախատեսվող միջպետական պայմանագրին:

Ավելի ուշ Սեբաստիան Լեկորնուն հստակեցրել է, որ Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի սպառազինություն կվաճառի։ Նրա խոսքով՝ այս որոշումը Երևանի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակության ամրապնդման Փարիզի ռազմավարության մի մասն է: