կարևոր
2686 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-30 11:01
Հասարակություն

Անկման հատակից անդին. «Փաստ»

Անկման հատակից անդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ լրջագույն խնդիր ունենք հասարակության որոշակի շերտերի ընկալումների ու պահվածքի հետ, նորություն չէ: Ու խոսքը միայն, այսպես կոչված, «վիրտուալ տարածքի» կամ «սոցցանցերի» մասին չէ, որտեղ արդեն սովորական բան է դարձել բացարձակապես անծանոթ անձանց հայհոյելը, զազրախոսելը, պիտակավորելը: Դրանք անկումային երևույթներ են: Բայց այդ անկումը արդեն ոչ թե հասել է հատակին, այլ ծակել-անցել է այն: Եվ հանդիպում ենք այնպիսի եղկելի երևույթի, ինչպես, օրինակ՝ թշնամու կողմից հայ մարդու գերեվարվելու վրա ուրախացողներն են: Աբսուրդ է, բայց կան, թեկուզ, բարեբախտաբար, քիչ, բայց կան ինչ-որ կերպարներ (նույնիսկ մարդ ասելն է դժվար), որոնք հրճվանքի մեջ էին ընկել, որ թշնամին հայ մարդու է գերեվարել, կալանավորել:

Ու դրանք մեր երկում, մեր կողքին, մեր հետ նույն օդից օգտվող շնչավորներ են: Մյուս կողմից՝ նաև սոցցանցերից դուրս հանդիպում են նաև այնպիսի արարածներ, որ սկսում են ապուշություններ դուրս տալ Արցախի հանձնման ու արցախցիների հասցեին: Այստեղ նաև իշխանամերձ շրջանակներն են, որոնք արցախցիների հասցեին այս օրերին ինչ սրիկայություն ասես, որ դուրս չեն տալիս և... ուրախանում են: Արդեն երևի զարմանալի է, որ փաշինյանական իշխանությունը Արցախի կործանման ու հայաթափման առթիվ մի հատ ճոխ «սալյուտ» չի խփում... Այս ե՞րբ այսքան ընկանք: Երբվանի՞ց սկսեց այս գահավիժումը: Գուցե հիմքերը վաղուց կային, բայց խորացումն սկսվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանի կամ նրա «թիմի» ցուցումներով նրա «թավշահեղափոխական» ակտիվիստներն սկսեցին դագաղներ տեղադրել ողջ մարդկանց դռների մոտ, սգո պսակներ:

«Դագաղներով» հեղափոխությունը մեր ազգին ու երկրին հազարավոր ու հազարավոր դագաղներ բերեց ու դեռ բերում է ու դեռ էլի ու էլի է բերելու, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Բայց անհնար է մոռանալ «թավշյա» ամբոխի վայրենի հրճվանքը, երբ ողջ մարդու տան դռանը դագաղ էին իրենք դեմ տալիս: Այ, հենց նրանք էլ հիմա հրճվում են Արցախի ու բոլոր նորմալ հայերի ողբերգության վրա: Ինչո՞վ են դրանք տարբերվում 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան շնորհավորական հեռագրեր ուղարկող ադրբեջանական ստահակներից: Որ հայկական անձնագրեր ու ազգանուններ ունե՞ն:

Սկսվեց այս վակխանալիան, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թշնամանք, ատելություն սերմանեց միմյանց նկատմամբ, երբ հանրությունը բաժանեցին հազար ու մի մասերի, երբ երկրի կառավարման հենքը դարձավ ասֆալտին փռելը, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի բառապաշարը հավասարվեց փողոցային բառապաշարին, երբ... Էլի շատ երբ-եր, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Ու հիմա ունենք այն, ինչ ունենք, որը շտկելու համար երկար, շատ երկար ժամանակ է պետք: Մնում է հասկանալ՝ մենք ունե՞նք այդ ժամանակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում