կարևոր
2278 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-27 14:38
Քաղաքական

Իր երկիրն ու ժողովրդին չպաշտպանող ղեկավարն անընդունելի է․ «Հրապարակ»

Իր երկիրն ու ժողովրդին չպաշտպանող ղեկավարն անընդունելի է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ իրենք բոլոր հնարավոր միջոցներով Արցախին կաջակցեն, սակայն արդյունքը տեսնում ենք՝ հերթական ռազմական ագրեսիա, բռնագաղթ։ Այժմ էլ խոստանում է օգնել Հայաստանին։ Հնարավո՞ր է, որ այս հայտարարություններն էլ սոսկ հայտարարություն մնան։

– Մենք ճնշում գործադրեցինք նախագահ Մակրոնի վրա, քանի որ մեր հարաբերություններն ուղիղ են, եւ մենք բանակցեցինք Ֆրանսիայի հետ, որ Ֆրանսիայի դիրքորոշումը միջազգային հանրության մոտ լինի պրոհայկական եւ պրոարցախյան։ Հաջողեցինք, որովհետեւ գիտեք, որ Ֆրանսիան մի քանի անգամ պահանջեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օրակարգում ներառի Արցախի հարցը, եւ երկու անգամ տեղի ունեցավ այդ նիստը։ Ֆրանսիայի դիրքորոշումը շատ դրական է եւ այդ դիրքորոշումն էր, որ մենք սպասում էինք։ Ֆրանսիան միայնակ է միջազգային հանրության, հատկապես Եվրոպայի մեջ միայնակ է, որովհետեւ թուրքական եւ ադրբեջանական լոբբին շատ լուրջ աշխատում է։ Ֆրանսիան փորձում է իր շուրջը հավաքել մի շարք դաշնակից երկրների, որպեսզի կկարողանա ավելի հեռուն գնալ։ Ուրեմն փաստենք, որ Ֆրանսիան պրոհայկական է, մենակ է, հետեւաբար, չի կարող ՄԱԿ-ի կամ միջազգային հանրության վրա մեծ ազդեցություն ունենալ՝ դժբախտաբար։

– Իսկ Ֆրանսիան կարո՞ղ է, որպես բարեկամ երկիր, Ադրբեջանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառել։

– Կարող է լինել․ կախված է այն հանգամանքից, թե Ադրբեջանը մինչեւ ուր կգնա։ Այսինքն՝ եթե իսկապես Ադրբեջանը վռնդի հայությանն Արցախից, եթե Ադրբեջանը կոտորած անի հայ բնակչության դեմ, ապա նրա դեմ պատժամիջոցներ կկիրառի եւ հետ կուղարկի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին Բաքու, քայլեր կկարողանա ձեռնարկել, եթե Ադրբեջանը շատ հեռուն գնա։

 Դուք հավատո՞ւմ եք, որ Ֆրանսիան իսկապես այդ քայլերին կգնա։ Էլ չեմ ասում՝ կոտորածից հետո նման քայլերն ի՞նչ իմաստ ունեն։

– Այդ քայլերին կարող է գնալ, եթե, ինչպես ասացի, Ադրբեջանը շատ հեռուն գնա։ Եթե դա պատահի, մենք հավատում ենք, որ Ֆրանսիան կարող է այդ քայլերին դիմել։

– Արցախում ռազմական ագրեսիայի արդյունքում զոհերի մեջ կան երեխաներ, քաղաքացիական անձինք, կանայք, հարյուրավոր անհետ կորած մարդիկ։ Հիմա բռնագաղթ է տեղի ունենում։ Դա բավարար հիմք չէ՞ր՝ այդ քայլերին դիմելու համար։

– Դուք պիտի հասկանաք՝ երբ մենք պահանջում ենք Ֆրանսիայից այս լուրջ քայլերը ձեռնարկել, Ֆրանսիան ասում է՝ կանենք, բայց Հայաստանն ինքը չի անում։ Այսինքն՝ Հայաստանը չի պաշտպանում Արցախը, այլեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի պաշտպանելու Արցախը, եւ կարծես թե Փաշինյանը հպարտ է, որ Հայաստանը չի պաշտպանելու Արցախը։ Ուրեմն, երբ որ մենք աշխատում ենք սփյուռքի մեջ՝ ի նպաստ Արցախի, եւ երբ որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ ասում են՝ ինչո՞ւ եք մեզնից պահանջում, որ ճանաչենք Արցախի Հանրապետությունը, այն դեպքում, երբ ՀՀ-ն՝ ինքը, մերժում է ճանաչել։ Հիմա, երբ ասում են՝ օգնեք Արցախին, ասում ենք՝ օգնենք, բայց ինչի՞ եք մեզ ասում, երբ Հայաստանը՝ ինքը, մերժում է օգնել Արցախին։ Մենք լուրջ պրոբլեմ ունենք, դուք լուրջ պրոբլեմ ունեք Հայաստանում։ Պահելով այս ղեկավարությունը՝ ոչ միայն Արցախը կթաղվի․ Արցախից հետո Հայաստանի հերթն է գալու։ Գիտե՞ք ինչու․ որովհետեւ Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանի հերթը պիտի գա, եւ երբ Ալիեւը խոսում է Հայաստանի մասին, խոսում է Արեւմտյան Ադրբեջանի մասին։ Ուրեմն, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը պիտի ուշադրություն դարձնի այս հանգամանքին՝ Արցախի հարցը չէ միայն։ Այս կառավարությունը, որ չի պաշտպանում Հայաստանն ու հայ ընտանիքներին, չի պաշտպանի, եթե Ադրբեջանը մտնի Հայաստան։ Դուք այս մասին պիտի մտածեք ու գետնի վրա քննարկում կազմակերպեք՝ հարցնելով, թե ինչին է ծառայում Փաշինյանի կառավարությունը, եթե չի պաշտպանում Հայաստանը։ Կառավարության առաջին պարտականությունն է՝ պաշտպանել իր ժողովուրդն ու իր սահմանները, չի պաշտպանում սահմանները՝ չի պաշտպանի ժողովրդին։

– Սփյուռքի հնարավորություններն ինչպիսի՞ն են՝ Հայաստանում այդ դիսկուրսը զարգացնելու համար։ Սփյուռքը կարո՞ղ է ազդել ներհայաստանյան գործընթացների վրա։

– Սփյուռքը հայտարարեց իր հակասության մասին, Փաշինյանի կառավարությանն ընդդիմանալու մասին, բայց երբ որ շատ հայտարարություններ ենք անում, արգելում են մեր մուտքը Հայաստան։ Այս «ժողովրդավարական եւ ազատ» կառավարությունները, իշխանություններն ընդդիմությանը չեն սիրում։ Սակայն պետք է շարունակել, քանի որ բոլորս էլ նույն ազգին ենք պատկանում, եւ մեր ազգը պետք է միաձայն խոսի։ Այսօր դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել, դրա համար պետք է արթնանալ, մանավանդ Հայաստանի ժողովուրդը պետք է արթնանա։

– Իսկ Արցախի հա՞րցը․․․ շատերն ասում են, որ Արցախն այլեւս կորսված է մեզ համար։

– Դժվար է հիմա պատասխանել այդ հարցին, քանի որ շատ զգայուն հարց է, պետք է մի քիչ սպասենք՝ անպատասխանատու հայտարարություններ չեմ ուզում անել։

– Հայաստանը որքա՞ն ժամանակ ունի՝ իշխանություն փոխելու եւ քայլեր ձեռնարկելու համար։

– Արագ պիտի անեք, որովհետեւ վաղն ուշ կլինի։ Արագ։ Նույնիսկ մեր դաշնակից երկրներն անհանգիստ են։ Մոլդովայում ժողովը, որ տեղի ունեցավ, երբ Մակրոն, Փաշինյան, Շոլց, Ալիեւ, Շառլ Միշել հանդիպումը եղավ, Ալիեւը շատ ուժեղ էր, Շառլ Միշելը զորավիգ էր Ալիեւին, Փաշինյանը լուռ էր, եւ միայն Մակրոնն էր պաշտպանում Հայաստանը։ Ընդունելի չէ մի ղեկավար, որն իր երկիրն ու իր ժողովրդին չի պաշտպանում, չեմ հասկանում, թե ինչպես է այդ ժողովուրդը պահում իրեն։