Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության վերահսկողություն նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում շենքերի, շինությունների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը ծախսվող էներգետիկ ռեսուրսների մասով իրականացվել է ոչ պատշաճ և անարդյունավետ, առկա են քրեակատարողական հիմնարկների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող ռեսուրսների անխնա վատնման, քրեակատարողական ծառայության հաշվին այլ սպառողների էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ապօրինի տրամադրման դեպքեր, ինչի արդյունքում 2019-2022 թվականներին Քրեակատարողական ծառայության կոմունալ ծախսերի գծով գերածախսը ֆինանսական արտահայտությամբ կազմել է շուրջ 858 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքներով առաջարկվել է վերանայել կոմունալ ծախսերի սահմանաչափերը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի խնայողաբար օգտագործման, ինչպես նաև դրանց անհարկի սպառումը և վատնումը կանխելու ուղղությամբ:
Ուսումնասիրությամբ դիտարկվել են նաև 2022-2023 թվականներին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերի օդափոխության և օդորակման համակարգի կառուցման շինարարական աշխատանքները: Պարզվել է, որ վերոգրյալ շինարարական աշխատանքները՝ պայմանագրի դրույթների խախտմամբ, կապալառու կազմակերպության կողմից գրեթե ամբողջությամբ պատվիրակվել են այլ ընկերության, իսկ վերջինիս կողմից ձեռք են բերվել և տեղակայվել են սարքավորումներ, որոնց տեխնիկական պայմանները չեն համապատասխանել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրերի պահանջներին, իսկ ձեռք բերման գները մի քանի անգամ ցածր են եղել նախագծով նախատեսված սարքավորումների արժեքներից: Արդյունքում, առանց սահմանված կարգով վերահաշվարկներ իրականացնելու, Քրեակատարողական ծառայության կողմից դրանք ընդունվել են և կապալառու կազմակերպությանն ավել է վճարվել շուրջ 322 միլիոն դրամ գումար: Բացի այդ, նույն պայմանագրի շրջանակներում Ծառայության կողմից արձանագրվել են նաև 79 միլիոն դրամի չափով կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ:
Քրեակատարողական հիմնարկներում իրականացված այլ շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 15,5 միլիոն դրամի տարաբնույթ խախտումներ՝ կատարողական ակտերով ավել հաշվարկված, ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված և պակաս ծավալով կատարված, կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։
Գնման գործընթացների ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում դրանք իրականացվել են գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով, ինչի արդյունքում արձանագրվել են նաև պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման դեպքեր:
Ուսումնասիրությամբ արձանագրվել են նաև մի շարք այլ խախտումներ և պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքեր Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման, քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար ձեռքբերվող պատրաստի սննդի մատուցման ծառայությունների մասով:
Ուսումնասիրության արդյունքներով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են թվով երեք քրեական վարույթներ. նախաքննությունը ներկայումս շարունակվում է:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։