կարևոր
4423 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-10 13:47
Քաղաքական

Անհետացել է «երկայնքով» բառը. «սխալների ուղղում»՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ

Անհետացել է «երկայնքով» բառը. «սխալների ուղղում»՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ

Բերձոր-Աղավնոյի և ՀՀ-Արցախ մայրուղու հանձնման հերթական դավադիր քայլի նախօրեին՝ 2022 թ. հունիսի 12-ին, ««Սյունիք-2» օպերացիան Բերձորում. փաստաթղթում ինչու՞ հայտնվեց «երկայնքով» բառը» վերտառությամբ հոդված էի հրապարակել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией…” արտահայտության հայերեն թարգմանության և պաշտոնական կայքում զետեղված տեքստի մեջ ավելացրել «երկայնքով» դավադիր բառը, այսպես. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»:

Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։ Իսկ վերջինիս տակ կարելի է հասկանալ՝ թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ միջանցքի կողքով։ Փաշինյանն ու Ալիևը, փաստորեն, փոխադարձ պայմանավորվածությամբ հիմնվել են փաշինյանական թարգմանության և «երկայնքով» հնարածին բառի վրա, ավելին, այն մեկնաբանել իբրև կողքով: Արդյունքում՝ միջանցքի կողքով էլ հենց կառուցվեց ԿոռնիձորՀին Շեն ճանապարհը, որն ընկած է Լաչինի միջանցքից դուրս: Նշել էինք, որ ճանապարհի՝ այդ վայրերով կառուցումը ոչ միայն չի նախատեսված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև խստորեն հակասում է վերջինիս դրույթներին և արդյունք է Փաշինյան – Ալիև պայմանավորվածության (տառացիորեն կրկնվեց Սյունիքի դիրքերի՝ «բանավոր ըմբռնմամբ» հետքաշման տխրահռչակ օպերացիան)։

Օրերս նկատեցինք, որ վարչապետի պաշտոնական կայքէջում կատարվել է եռակողմ հայտարարության «սխալների ուղղում», ինչի արդյունքում տեքստում կատարված բազմաթիվ ոճական, բովանդակային և այլ տիպի փոփոխությունների շարքում անհետացել է նաև «երկայնքով» եզրույթը:  

Պարզ է՝ Մավրն արել է իր գործը, Մավրը պիտի հեռանա…

Վահե Սարգսյան