Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ իր համար ակնհայտ է դառնում «Որքան վատ, այնքան լավ» սկզբունքը, որով առաջնորդվում են որոշ քաղաքական ուժեր, այնինչ` կառավարության որդեգրած քաղաքականությունը կուտակայինի հարցով շատ հստակ է` պետական բյուջեով 21 միլիարդ դրամ ներդրում է կատարվել այդ գործընթացի համար, դադարեցվում է տույժ-տուգանքների կիրառումը գործատուների նկատմամբ, պարտադիրը վերածվում է կամավորի, և տրվում է ժամանակ, որպեսզի ներկայացվի նոր օրենք:
«Ինչի՞ն են դեմ, ինչի՞ն են ձեռնպահ, ինձ համար անհասկանալի է: Մենք ընդունում ենք կառավարության որդեգրած քաղաքականությունը և կողմ պետք է լինենք այս նախագծին, հակառակ դեպքում` կստեղծվի անելանելի վիճակ, գործատուները կսկսեն տույժ-տուգնենքներ վճարել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ եթե մի պահ պատկերացնելու լինեն, որ Հանրապետական խմբակցությունն էլ ձեռնպահ կամ դեմ քվեարկի, ինչ վիճակ է ստեղծվելու` տույժ-տուգանքների հաշվարկում` հունվարի 1-ից սկսած, բոլոր հաշվարկված բայց չփոխանցված վճարների փոխանցում` տուգանքների հետ միասին:
«Չեմ հասկանում, դուք ինչի՞ համար եք պայքարում: Պայքարում եք, որ հասարակության հետ հաշտ, խաղաղ ճանապարհով գնա՞ք, թե՞ պայքարում եք, որ խոչընդոտներ ավելի շատ ստեղծվեն: Երեկ ձեր մոտեցումն ավելի ճիշտ էր, քան այսօր, ես չգիտեմ` ի՞նչ տեղի ունեցավ մի գիշերվա ընթացքում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական կարճատեսություն է պետք` չնկատելու համար այն դրական տեղաշարժը, որը դրսևորում է կառավարությունը` ընդառաջ գնալով հասարակությանը և քաղաքական ուժերին եւ ներկայացնելով այս ծրագիրը: