Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանական 24 ՀԿ-ներ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ են ուղղել։ Պահանջում են անհապաղ դադարեցնել Հայաստանի գրեթե բոլոր հանքավայրերի ու գործարանների աշխատանքը, իբրեւ թե դրանք վտանգում են տարածաշրջանի էկոլոգիային։ Նրանք պահանջում են փակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման հանքը, Սոթքի հանքավայրը եւ այլն։ Թեմայի առնչությամբ փաստաբան Արամ Օրբելյանին, ով ԶՊՄԿ-ի նախկին սեփականատիրոջ շահերն է պաշտպանում եւ լավատեղյակ է հանքարդյունաբերության խոհանոցից, հարցրինք՝ Ադրբեջանը նման պահանջ ներկայացնելու իրավունք ունի՞՝ հաշվի առնելով, որ խոսքը մեր սուվերեն տարածքում գործող հանքավայրերի մասին է։
«Եթե կատակ անեի, ապա պիտի ասեի՝ իհարկե, պիտի փակենք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի, բայց եթե այդ հարցին լուրջ պատասխան եք ուզում, ապա խնդիրը հետեւյալն է․ ցանկացած պետության քաղհասարակության ներկայացուցիչ կարող է դիմել մեկ այլ պետության որեւէ կազմակերպության՝ որոշակի խնդրանքով։ Այսինքն՝ որպես երեւույթ, ինքնին եթե նման խնդրանք լիներ, ինձ մոտ որեւէ հարց չէր առաջացնի։ Այստեղ առաջ են գալիս մի քանի «բայց»-եր․ նախ՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գոյության հարցն է կասկածի տակ՝ որպես դասական իմաստով քաղհասարակություն, ովքեր մտահոգ են։ Երկրորդը․ այդ նույն քաղհասարակության գործիչների գործունեությունն է պետք հասկանալ՝ ընդհանրապես Կասպից ծովի նավթի, Ադրբեջանի տարածքների էկոլոգիական խնդիրներով զբաղվե՞լ են, թե՞ բացառապես զբաղված են էկոահաբեկչությամբ, ինչպես դա եղավ Բերձորի միջոցի փակման օպերացիայի ու մյուս գործընթացների պարագայում։ Երրորդը․ պետք է, անկախ ամեն ինչից, գնահատման առարկա դարձնել՝ խնդիր կա՞, թե՞ չէ։ Ձեզ շատ պարզ ասեմ․ եթե իրավական որեւէ հարց առաջանար՝ էկոհամակարգերի հետ կապված, էկոՀԿ-ների խնդիր չէր առաջանա, սա հիբրիդային պատերազմի դասական օրինակ է, երբ ինչ-որ ՀԿ-ներ են նամակ գրում, քաղաքացիներն են նամակ գրում եւ այլն։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները ստացել են լիցենզիաներ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները գործում են։ Եթե այս կազմակերպությունները խախտում են ՀՀ օրենսդրությունը, ապա պետք է պատասխանատվության հարց առաջանա, եթե չեն խախտում, ապա որեւէ արտասահմանյան ՀԿ-ի կամ հայկական ՀԿ-ի նամակն ինքնին դադարեցման հիմք չի կարող լինել, ուրիշ հարց է, որ եթե իրոք նման էկոլոգիական խնդիրներ լինեին, ապա պետք է քննարկման առարկա դարձվեր։ Ուղղակի այստեղ ցավալի կլինի, եւ ես չեմ բացառում, ցավոք սրտի, որ հայկական ՀԿ-ների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն անտեսվեն, ու մեկ էլ հանկարծ պարզվի, որ ադրբեջանական ՀԿ-ների նամակի հիման վրա ինչ-որ գործունեություն է արվում։ Ես սա ավելի շատ տեսնում եմ ինչ-որ ինֆորմացիոն ֆոն ստեղծելու, ավելի գլոբալ՝ Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու լույսի ներքո։ Իրավական տեսանկյունից՝ նամակ կարող են գրել, մանավանդ բաց նամակն ինչ-որ հրապարակված հոդված է, ես չեմ տեսնում, որ ՀՀ-ի կողմից որեւէ գործողություն պետք է հետեւի դրան, ուրիշ հարց է, որ ՀՀ-ն միջազգային ատյաններում պետք է շատ հստակ դարձնի իր դիրքորոշումն էկոլոգիական հարցերի վերաբերյալ։ Նույն Ադրբեջանը խնդիր է տեսնում Ֆրանսիայում մարդու իրավունքների ոլորտում եւ ուրիշ այլ տեղեր, որտեղ հետաքրքրություն ունի, ենթադրվում է, որ նույն բեմադրությունն են կրկնում, հիմք են ստեղծում ինչ-որ գործողություններ անելու համար»։
Օրբելյանին հարցրինք՝ կարո՞ղ է Ադրբեջանը միջազգային ատյաններում Հայաստանի դեմ այս հիմքով իրավական գործընթաց սկսելու։
«Միջազգային գործընթացն այնպես չէ, որ իրենք այսօր պետք է սկսեն, իրենք միշտ էլ սկսել են, կատարել են, ուղղակի նախկինում ունեցել ենք ղեկավարություն եւ պետություն, պետությունը դրանով զբաղվել է։ Հիմա եթե սկսվի ինչ-որ միջազգային գործընթաց, ապա ինչ կարվի, ինչ չի արվի, չգիտեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ունենք մի հատ իշխանություն, որն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով՝ «թքած ունեմ Սահմանադրության վրա, թքած ունեմ Հայաստանի արժեքների վրա, մենակ թե պատերազմ չլինի»։ Ընդ որում՝ պատերազմ լինելու հավանականությունը շատ ավելի քիչ է, քան պատերազմ չլինելու հավանականությունը, բայց ասում են՝ բերեք ամեն ինչ զիջենք Ադրբեջանին, բերեք խոսենք ադրբեջաներեն, անցնենք մուսուլմանության, մոռանանք Հայ առաքելական եկեղեցու հատուկ դերը, հայերենը թողնենք պատմությանը, ընդունենք, որ մենք քոչվոր ազգ ենք, մենակ թե Ադրբեջանը հանկարծ չնեղանա։ Այս մոտեցումն են դրսեւորում Հայաստանի իշխանությունները։ Կլինի միջազգային գործընթաց, թե չէ, չգիտեմ, բայց իրավական տեսակետից ես այս պահին խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց Օրբելյանը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում