կարևոր
2161 դիտում, 2 տարի առաջ - 2023-06-22 17:59
Հասարակություն

Յոզղատցին

Յոզղատցին

Հայկո Բաղդատ

«Այլևս ծննդավայր չես վերադառնա, չէ՞»։

 Ընտրություններից հետո գրեթե ամեն օր այդ հարցն են ինձ տալիս։

Երբեմն մտքումս է արձագանքում այն․ «Ծննդավայր այլևս չե՞մ վերադառնա ես»։

Պատասխանը չգիտեմ․․․

Ինչպիսի՞ զգացական կապ պետք է հաստատեմ այն երկրի հետ, ուր այլևս երբեք չեմ վերադառնա։

 Զայրույթ, ատելություն, կարոտ, կարոտաբաղձություն, սուգ․․․

Ո՞ր զգացումները պետք է ունենամ, երբ ծննդավայրիս թեման է բացվում։

 Չգիտեմ․․․

Այս շաբաթ ուզում եմ ընթերցողներիս «Քուրթուլուշը (թաղամաս Ստամբուլի Շիշլի շրջանում, նախկինում Թաթավլա կոչված այս թաղամասը հնում բնակեցված է եղել բացառապես փոքրամասնություններով-Ակունքի խմբ) շատ է աղավաղվել» գրքիցս մի հատված ներկայացնել։ Միգուցե նրա միջոցով ցավս կբացատրեմ։

ՅՈԶՂԱՏՑԻՆ

Էդվարդը մի արտասովոր հաճույք էր ստանում, երբ «Որտեղացի՞ ես» հարցին պատասխանում էր՝ «Յոզղատցի», թեև այդ քաղաքն իր կյանքում մեկ անգամ իսկ չէր տեսել։ Չէ՞ որ հայրը՝ Արթինը, այնտեղ էր ծնվել, մինչև 13 տարեկանը Յոզղատի փողոցներն էր չափչփել, հետո՝ Ստամբուլ եկել։ Եվ այդքանը բավարար էր, որ անհրաժեշտության դեպքում հանգիստ սրտով ասեր, թե «Յոզղատցի է»։ Բացի այդ, երբ ասում էր՝ «Յոզղատցի եմ», հետևյալ բազմաթիվ անգրագետ հարցերն էր կանխում․

-Անունդ Էդվա՞րդ է։ Էս ի՜նչ տարօրինակ անուն է, ա՜յ մարդ։ Ի՞նչ եք դուք։

-Հայ եմ ես։

-Է՜հ, իսկ որտեղի՞ց եք եկել այս երկիր։

Մեկ անգամ չդիմանալով՝ պայթել էր՝ ասելով․ «Որտեղի՞ց պիտի եկած լինենք, իրականում ոչ թե եկել ենք, այլ՝ գնացել այս վայրերից»։ Սակայն կինը՝ Աղավնին, երեկոյան շատ էր բարկացել նրա պատասխանի համար։ «Այստեղից ենք մենք գնացել» խնդիրն իրապես շատ ցավոտ թեմա էր Էդվարդի համար։ Տեղյակ էր, որ անիծյալ օրերին ճամփա ընկած հայ քարավաններից մեկում գտնված և Յոզղատից Սիրիայի անապատներ աքսորված իր տոհմից միայն հորական տատիկը՝ Թագուհին և նրա փոքր որդին՝ Արթինն էին ողջ մնացել։ Մինչդեռ, 6 ամիս էլ դեռ չէր անցել այն օրից, երբ իմացել էր, որ իր հորեղբայրներից մեկը չէր մահացել, թաքցվել էր մի մուսուլման ընտանիքի կողմից, երբ մի փոքր մեծացել էր, այդ մահմեդական ընտանիքի վատ վերաբերմունքի պատճառով բոլորի հանդեպ վստահությունը կորցնելով՝ փախել էր տնից, հազար ու մի դժվարություն հաղթահարելուց հետո Բեյրութ էր հասել և այնտեղ ընտանիք կազմել։

Այդ 6 ամսվա ընթացքում ամեն օր հեռախոսով զրուցել էին։ Հորեղբայրը, նրա կինը, հորեղբոր զավակները, թոռները, Էդվարդը, Թագուհին, նրանց մինուճար որդի Դանիելը․․․ Էդվարդը յուրաքանչյուր հեռախոսազրույցից հետո անընդհատ ինքն իրեն ասում էր, թե երանի հայրս՝ Արթինը, ողջ լիներ, մեր մտերմությունը տեսներ։ Նրանք միայն հայերենով էին զրուցում։ Երբ Էդվարդը երբեմն թուրքերենին էր անցնում, հորեղբայրը՝ Գաբրիելը, չէր պատասխանում նրան։ Նա էլ մտածում էր, թե այդքան տարի է անցել, երևի լեզուն մոռացել է։

Մինչև որ ասաց՝ «Դե՜հ, հորեղբա՛յր, ընտանիքդ վերցրու, ծննդավայր արի։ Որքան ցանկանում եք՝ մնացեք։ Թե՛ մեզնից ձեր կարոտը կառնեք և թե՛ ծննդավայրից»։

Գաբրիել հորեղբայրը վրդովված, ավելին՝ թուրքերենով գոռացել էր․ «Զգու՜յշ եղիր, զգու՜յշ, այլևս երբե՛ք քո շուրթերից դա չլսեմ։ Պապիս, հորս, քույրերիս անգերեզման թողածների մո՞տ գամ։ Մեր տունը, հանգիստը, ըտանիքը գողացածների մե՞ջ մնամ։ Հեռախոսը, խոսքդ՝ կիսատ, կանջատեմ, և այլևս երբեք չես կարողանա ձայնս լսել, տղաս։ Զգու՜յշ եղիր, զգու՜յշ․․․»։

Էդվարդը չէր իմացել՝ ինչ ասի։

Երբ Դանիելի ուսանողական արձակուրդն սկսել էր, ինքնաթիռի տոմսեր էին գնել դեպի Բեյրութ, ճամպրուկները իրենց իրերից առավել՝ նվերներով բեռնել, ընտանիքից մնացած բոլոր լուսանկարները, հիշատակ իրերը՝ հավաքել։ Երբ հանդիպել էին Բեյրութի օդանավակայանում, առանց խոսելու փաթաթվելով՝ 25 րոպե արտասվել էին։ Հավատացեք, որ չեմ չափազանցնում։ Նրանց դիմավորելու էին եկել ոչ միայն Բեյրութի բոլոր ազգականները, այլ նաև՝ իրենց թաղամասից ևս 4 հայ ընտանիքներ։ Երբ տուն էին գնում, կարծես հարսանեկան թափոր լինեին։ Ազդանշաններ էին տալիս, ավտոմեքենաների պատուհաններից թաշկինակները թափահարելով՝ մագնիտոֆոններից հնչող երաժշտության տակ երգում։

Հասան տուն։ Կարծես ամանորյա սեղան գցած լինեին․ պղպեղով տոլմա, փլաքի (չոր լոբով պատրաստվող ճաշատեսակ-Ակունքի խմբ), բաստուրմայով հումուս, բլղուրով փլավ, «Փեզզիք ջաջըղը» (Յոզղատի ճաշատեսակներից է, որ պատրաստվում է բլղուրով և մածունով-Ակունքի խմբ), «Հելլե» ապուր, չուլլամա (մսով, սնկով կամ բանջարեղենով պատրաստվող ճաշատեսակ-Ակունքի խմբ), թոնիրի քաբաբ, շաբիյաթ։ Խաշ, եթե հանկարծ գիշերը սովածանան։ Մեկ էլ՝ 70 աստիճանի թմրությամբ լիբանանյան օղի։

Եթե չհաշվենք, որ ժամանակ առ ժամանակ իրար փաթաթվելու համար վեր էին թռչում, գրեթե մինչև առավոտ բոլորովին վեր չկացան սեղանից։ Նախ հանգուցյալների հիշատակը հարգեցին։ Կարծես թե վերացել էր այն վատ կախարդանքը, որի անեծքով չգիտեին իրենց ընտանիքի անդամների ճակատագիրը։ Սեղանի շուրջ նստածների մեջ Գաբրիել հորեղբայրը միակն էր, որ թե՛ խոսելիս և թե՛ լսելիս չէր արտասվում։ Երբեմն թավ ձայնով միայն ասում էր․ «Աստված խաղաղություն տա նրանց հոգիներին, որովհետև շատ են տառապել»։

Հետո անդրադարձան այն հարցին, թե ինչեր են այս ընթացքում տեղի ունեցել։ Ով որտեղ է սովորել, ինչ մասնագետ է դարձել, ում հետ է ամուսնացել, քանի երեխա է ունեցել, երեխաները որտեղ են սովորում, ինչ գործ են ուզում անել։ Այնքան երկար զրուցեցին, որ վաղորդյան առաջին լույսերն սկսել էին հյուրասենյակ թափանցել։

«Դե՜հ, պառկենք արդեն։ Դեռ 10 օր ունենք ի վերջո։ Եթե ամեն ինչի մասին այսօր խոսենք, վաղն ի՞նչ ենք անելու։ Դեհ, հավաքվեք։ Ամեն մեկն իր սենյակը թող գնա»։

Երբ Էդվարդը կեսօրվա մոտ արթնացավ, հորեղբայրը՝ Գաբրիելը, նոր էր դրսից տուն մտնում։ Մտածեց՝ երևի թարմ հաց առնելու էր գնացել։

Տանը բոլորը խորը քուն էին մտել։ Կարծես թե վեր կենալու միտք էլ չունեին։

«Հորեղբա՜յր, արի մի քիչ շրջենք։ Թաղամասը, բնակիչներին տեսնեմ»,-ասաց Էդվարդը։ Երբ հասան դռան շեմին, սկսեց իր ոտնամանները որոնել, բայց չկարողացավ գտնել։ Աղավնիի, Դանիելի կոշիկներն ահա այնտեղ էին։ Սակայն ճիշտ նրանց կողքին դրված փայփլուն կոշիկներն իրենը չէին։

«Մի՛ որոնիր, որդի՛, նոր ոտնամաններ եմ քեզ գնել։ Դրանք հագիր»,-ասաց Գաբրիել հորեղբայրը։ «Ա՜յ հորեղբայր, ինչու՞ ես նման բան արել։ Իմ կոշիկները հանգիստ էին։ Ճանապարհ ենք գնալու, սրանք ոտքերս կսեղմեն հիմա։ Իմոնք տուր՝ հագնեմ»։

«Մի՛ երկարացրու, տղա՛։ Սրա՛նք հագիր էլի։ Հարցրեցի, ասացին, որ ամենահարմարը դրանք են։ Դրա՛նք հագիր»։

«Բայց հորեղբայր․․․»։

«Մի՛ երկարացրու ասացի»,-գոռաց Գաբրիել հորեղբայրը։ Այնպես գոռաց, որ տնեցիների կեսն արթնացավ այդ ձայնից։

Հետո կաս-կարմիր եղավ դեմքը։ Ստորին շրթունքը ուր որ է արնահոսելու էր, այնպես էր կծոտում։ Այլևս չկարողացավ կարմրած աչքերից արցունքները զսպել։ Դրանք սկսեցին միաժամանակ աչքերից նույն ուղղությամբ հոսել։

«Որդի՛, այդ ոտնամանը հայրենի հողին էր դիպչել։ Ինձ վերցրի, պահեցի։ Արժեքավոր են։ Քեզ հետ չե՛մ տա։ Վերցրու, հագիր այս կոշիկները և այլևս մի՛ երկարացրու»։

Էդվարդը երկրորդ անգամ էր լսում, որ հորեղբայրը թուրքերեն է խոսում․․․

https://artigercek.com/makale/yozgatli-253967?fbclid=IwAR2uRocTCE14LNHh7jDMKvAYuqCIkEWryTB_f1PzL9YIEiA2OD4kRxpeSGo

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net