կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-22 12:10
Քաղաքական

Տիգրան Արզաքանցյանին պետական պաշտպանություն է տրամադրվել․ «Հրապարակ»

Տիգրան Արզաքանցյանին պետական պաշտպանություն է տրամադրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ձեւաչափի մշտական անդամ, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պետական պաշտպանություն է տրամադրվել, նրան այժմ ամենուր ուղեկցում եւ անվտանգությունն ապահովում են ոստիկանության ծառայողներ, որոնք մշտական կցված են Արզաքանցյանին։

Մեզ ասացին, որ Տիգրան Արզաքանցյանին ոստիկանական պաշտպանություն է տրամադրվել Վարդան Ղուկասյանի՝ Դոգի, Արտակ Գալստյանի եւ մյուսների գործով։ Հիշեցնենք, որ Արզաքանցյանը Դոգի դեմ ցուցմունք էր տվել՝ ասելով, որ իրենից շանտաժով գումար են պահանջել՝ ուղիղ եթերներում չհայհոյելու դիմաց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում մեծ թվով մարդիկ են կալանավորվել, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, նրա կինը եւ մի խումբ մերձավորներ, որոնք, ըստ նախաքննության մարմնի, տեւական ժամանակ իրականացրել են շորթումներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ։ Եվ մեծ թվով մարդիկ, ըստ նախաքննական մարմնի, մուծվել են նրանց, որ եթերում իրենց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չհնչեն, կոմպրոմատներ չհրապարակվեն, եւ Դոգն իրենց չանդրադառնա։ Քրեական գործը բազմաթիվ դրվագներից է կազմված, մի խումբ տուժողներ կան գործում, նախաքննություն է ընթանում։

Մենք նախ ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ինչու են Արզաքանցյանին ոստիկաններ ուղեկցում, ինչ վտանգ է նրան սպառնում, արդյոք Արզաքանցյա՞նն է դիմել ոստիկանություն՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, թե՞ իրավապահներն են նշված քրեական գործի շրջանակներում նպատակահարմար գտել նրա անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ անվտանգությունը քննիչի որոշմամբ է տրամադրվում, ուստի մեկնաբանել չեն կարող։ Քննչական կոմիտեից էլ գրավոր հարցում պահանջեցին՝ այս պարզ հարցին պատասխանելու համար։ Նշենք, որ մենք նաեւ Տիգրան Արզաքանցյանից փորձեցինք ճշտել վերոնշյալ հարցերի պատասխանները, սակայն նա ողջ օրվա ընթացքում կա՛մ անջատում էր հեռախոսը, կա՛մ պարզապես չէր պատասխանում զանգերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում