կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 18:11
Հասարակություն

Տա Աստված` առողջությունս ների, կշարունակեմ աշխատանքս ի բարօրություն հայրենիքի. Գորիկ Հակոբյան

Տա Աստված` առողջությունս ների, կշարունակեմ աշխատանքս ի բարօրություն հայրենիքի. Գորիկ Հակոբյան

Տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանին: Այնուհետև նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:

ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար: «Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ»,- ասել է Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ցուցաբերած մեծագույն վստահության համար: «Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ։ Դուք միշտ բարձր եք գնահատել Ազգային անվտանգության ծառայության կողմից մեր երկրի անվտանգության և պետական շահերի հուսալի պաշտպանությունը: Նման վերաբերմունքը, թերևս, օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ այս ծառայությունը միշտ ունեցել է հմուտ ղեկավարություն և բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Պարո՛ն նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել: Պարո՛ն Հակոբյան, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և, օգտվելով առիթից, շնորհավորել պետական բարձր պարգև ստանալու կապակցությամբ»,- ասել է Գեորգի Կուտոյանը: