Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրագայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդունել է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ (օրինակ՝ ապրիլի 18-ի ելույթում) հանդես եկավ հրապարակային ինքնախոստովանական հայտարարությամբ: Տեսնելով, որ ոչ ոք բացարձակապես ոչ մի ցանկություն չունի իրեն դրա համար պատասխանատվության ենթարկել, նաև՝ ոգևորված, որ իր հայտարարությունը փաստորեն ընդունելի է այնքանով, որքանով ինքը շարունակում է մնալ վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում, մեծ հաշվով, պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս է, ու վե՛րջ:
Թե ինչ կանեն կամ չեն անի զանազանզարմանազան քաղաքական ուժերը, հասարակական-քաղաքական շրջանակները, ով է վրդովված, ով է հիացած, դեռ դնենք մի կողմ: Այդ արտահայտությունը գործնականում հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու Սահմանադրությանը հետևյալ ակնհայտ հիմնավորմամբ. ա) կա ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հայտնի որոշումը, որով ՀՀ որևէ պաշտոնյայի արգելվում է Արցախը ճանաչել ադրբեջանական, բ) կա, դեռևս չի չեղարկվել Հայաստանի Անկախության հռչակագիրը, գ) կա, դեռևս ապօրինի չի հռչակվել ՀՀ Սահմանադրությունը: Ի դեպ, եթե արդեն մոռացողներ կան ու հատկապես՝ «մոռացողների» համար, թեթևակի հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է նաև այս հիմնավորմամբ. «...կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա...»:
Դե, իսկ Սահմանադրության անփոփոխելի նախաբանում էլ անքննարկելի հղում է արվում Անկախության հռչակագրին: Սրանք պետականության վերականգնման հիմքերի հիմքերն են: Եվ ահա, ի հայտ է եկել մեկը, որը բացեիբաց հայտարարություններ է անում այդ հիմքերի դեմ: Մինչ վրդովվածները, հիասթափվածները, մշտապես բոլորին անուն դնողները և մնացած բոլորը կկողմնորոշվեն, թե ինչ անեն կամ ինչ-որ բան անեն, թե չանեն, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն նախապես որոշել են իրենց անելիքն էլ, ասելիքն էլ: Եվ անում ու ասում են: Մամուլում շրջանառվեց մի տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ քպականները հերթով կրկնեն Արցախն ադրբեջանական լինելու մասին իր հայտարարությունը: Այլ կերպ՝ սա կոչվում է «կոլեկտիվ մեղք»:
Այսինքն, բոլորը պիտի թաթախված լինեն դրա մեջ, որպեսզի հետդարձի ճամփա չունենան: Եվ մայիսի 23-25-ն ընկած միջակայքում արձանագրվեցին այդ տեղեկության իսկությունն ապացուցող մի շարք դրսևորումներ: Դե, ԱԺ նիստ էլ կար, իսկը՝ հարմարագույն առիթ, որպեսզի քպականները ի կատար ածեն իրենց առաջնորդի հրամանը: Ու սկսվե՜ց... Չէ՛, այստեղ քպականների հայտարարություններից մեջբերումներ չենք անի: Նախ՝ թերթի տարածքն է ափսոս, երկրորդ՝ առողջապահական նկատառումներով, քանի որ մեզ համար միևնույն չէ մեր ընթերցողի առողջությունը: Ուղղակի չզլանանք նկատել, որ նրանց արտահայտությունները նաև արձագանքների արժանացան, ինչը ևս բնական է, որովհետև եթե մեկը անդադար շարունակում է ստել ու նենգախեղել իրողությունները, պետք է նաև հակադարձել, որքան էլ որ դա տհաճ լինի:
Հիմնական լեյտմոտիվը, որով դրսևորվում են քպականները, Փաշինյանի հակաարցախյան հայտարարությունը կրկնելուց բացի, նույն հին բայաթին է՝ «նախկիններն են մեղավոր»-ի ու նման թեմաներով: Ինչ վերաբերում է մոտիվացիային, ապա պարզից էլ պարզ է, որ ինչ ֆանտաստիկ «մեղավորներ» էլ քպականները փնտրեն ու գտնեն, ում էլ մեղադրանքներ հղեն կամ չհղեն, ինչ անհեթեթագույն «բացատրություններ» էլ որ նշեն, հիմնականում ընդամենը հետապնդում են Արցախից հրաժարվելու դիրքորոշումն ու իրենց հակաարցախյան, ընդհանրապես՝ հակահայկական, նաև, ինչպես նշեցինք, Սահմանադրությանն ու այլ օրենքներին դեմ գնացող քայլն արդարացնելու նպատակ:
Այսինքն՝ ինքնարդարացման նպատակ ունեն, ուրիշ ոչինչ: Փաստը դրանից չի փոխվում: Իսկ փաստն այն է, որ անկախ նրանից, թե 10, 20, 30, 300 կամ 3000 տարի առաջ ով ինչ է արել կամ չի արել, Արցախից հրաժարվելու և այն պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նրան ձայնակցել ու ձայնակցում են իր քպականները: Փաստը մնում է փաստ, որ թե՛ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե՛ հաջորդած է՛լ ավելի վատթար հայտարարություններն ու պարտավորությունները ստորագրել է (կամ հնչեցրել է) Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ուզում եք՝ «փաթեթավորեք», ինչ մանիպուլ յատիվ գլուխկոնծիներ ուզում եք՝ տվեք: Հայրենիքը թշնամուն հանձնողի խարանը ձեր ճակատին է, ու դա անջնջելի է... Ընդ որում՝ կոլեկտիվ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում