կարևոր
2575 դիտում, 20 ժամ առաջ - 2025-03-22 17:08
Քաղաքական

Ինքնարդարացման գործընթացում է. Աբրահամյանը մեկնաբանում է Փաշինյանի հայտարարությունները

Ինքնարդարացման գործընթացում է. Աբրահամյանը մեկնաբանում է Փաշինյանի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանն այժմ ինքնարդարանալու գործընթացում է ու նույնիսկ ակնհայտ իրողությունները փորձում է բոլորովին այլ կերպ ներկայացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Փաշինյանի վերջին հայտարարությունները։

ՀՀ վարչապետը երեկ` մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Հայաստանի զիջումներին վերաբերող հարցին, հռետորական հարց հնչեցրեց` ի՞նչ է զիջել իրենց իշխանությունը, ապա ավելացրեց` նախկինում, երբ Հայաստանը եղել է «չզիջման շրջանում», ոչ թե խաղաղություն չի ունեցել, այլ նաև այդ շանսը։ Նա վստահեցրել է` ՀՀ-ն այժմ շատ ավելի անկախ և ինքնիշխան է։

«Իշխանության զիջումները, այդ թվում` նաև ինքնիշխանության կորուստը, արտահայտվում են բոլոր այն իրողություններով, որոնք արձանագրվում են կոնկրետ ժամանակահատվածում։ Ե՛վ հայ ժողովրդի, և՛ նաև դրսից իրավիճակին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար ակնհայտ է, թե ինչ ենք ունեցել մինչև 2018 թվականը և ինչ ունենք դրանից հետո։ Կարծում եմ, որ գործող իշխանությունն այս պահին մեկ խնդիր է լուծում ու հիմա ինքնարդարանալու գործընթացի մեջ է, բնականաբար, նույնիսկ ակնհայտ իրողությունները փորձելու է լրիվ այլ ձևով ներկայացնել», - ասել է Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ ներկա իշխանությունների պաշտոնավարման օրոք հանձնվեց Արցախը, ՀՀ մի շարք տարածքներ օկուպացվեցին, ինչի հետևանքով էլ Ադրբեջանը ռազմավարական առավելություններ ստացավ, իսկ բանակցային գործընթացում խախուտ իրավիճակ է։

Ըստ պատգամավորի` ՀՀ իշխանության ղեկին կանգնած անձն այսօր, ըստ էության, հպարտանում է այն ամենով, ինչ ինքը բերել է Հայաստանի գլխին։

Միևնույն ժամանակ Աբրահամյանը շեշտել է, որ չնայած այդ ամենին, Հայաստանի իշխանության համար ստեղծվել է խղճուկ իրավիճակ։