կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 17:20
Քաղաքական

Իրանի պատասխանը կլինի լավ ծրագրավորված և համարժեք. իրանագետ

Իրանի պատասխանը կլինի լավ ծրագրավորված և համարժեք. իրանագետ

Այսօր Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորների թիվը հասնում է 39-ի: Yerkir.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ, ըստ էության, գործ ունենք շղթայական ահաբեկչական գործողության հետ, որը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը: Սակայն, իրանագետի խոսքով, տեղին կլինի սպասել իրանական կողմի պաշտոնական հայտարարություններին, որպեսզի վերջնականապես պարզ դառնա, թե ովքեր են կանգնած ահաբեկչության հետևում:

«Գործողությունը միանշանակորեն նպատակ է հետապնդում ապակայունացնել Իրանի ներքաղաքական իրավիճակը, խաթարել ներքին կայունությունն այս երկրում և դրա հետևանքով նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծել լրացուցիչ լարվածություն: Բնական է, որ խաղաղության տեսլականի առումով այս գործողությունները չեն կարող ունենալ հեռանկար, որովհետև իրանցիները հստակորեն կարողանում են կառավարել նման ճգնաժամերը, և Իրանի ներքաղաքական կայունությունը խաթարել նման զազրալի գործողություններով անհնար է»,- ասաց Ոսկանյանը:

Ըստ նրա` այս գործողությունները ծրագրողները, նրանց թիկունքում կանգնածները չեն կարող հասնել իրենց նպատակին` մի շարք գործոններով պայմանավորված: Այդ գործոններից մեկը, ըստ իրանագետի, այն է, որ Իրանը կայուն պետականություն ունեցող երկիր է, և նրա քաղաքական վերնախավն իրականացնում է հստակ քայլեր ճգնաժամային կառավարումն ապահովելու նպատակով և սեփական քաղաքացիների անվտանգությանն ուղղված համարժեք գործողություններ է անում: «Բացի այդ` նման գործողությունները բերում են լրացուցիչ համախմբման` իրանցիներն այսօր կամ մի քանի օր առաջ ձևավորված ազգ չեն, և այս իմաստով  Իրանում նման գործելաոճով «աշխատելն» անարդյունավետ է լինելու: Իրանական պատասխանն էլ ոչ հապշտապ է լինելու, այլ լավ ծրագրավորված և համարժեք»,- ասաց Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ օրերս մի շարք երկրներ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին` պատճառաբանելով, թե Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների: «Իրանում տեղի ունեցածը Քաթարի  հետ կապված դեպքերի հետ կապելը որքանո՞վ է իրատեսական» հարցին` իրանագետը պատասխանեց, թե պատահականություններ և համընկնումներ շատ դժվար է գտնել: «Իրականում գործ ունենք գործողությունների մի ծրագրի հետ, որի վերջնական նպատակն Իրանը  մերձավորարևելյան քաոսի մե ջներքաշելն է: Իրանցիները նման քաոսային իրավիճակներից դուրս են գալիս որպես հաղթող, և այս իմաստով ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ և ամերիկյան ուղղորդմամբ ստեղծված հակաիրանական դաշինքը, ներառելով Պարսից ծոցի որոշ երկրներ, փորձելու է ցանկացած կետում հարված հասցնել Իրանի ազգային անվտանգությանը և իրանական շահերին»,- ասաց Ոսկանյանը` հավելելով, որ, չնայած դրան, Իրանն ունի հակազդելու չափազանց արդյունավետ գործիքակազմ, և «Իսլամական պետության» ծրագրերը, որոնց հետևանքով Մերձավոր Արևելքում իրավիճակն ուղղակի կարող է ողբերգական դառնալ, չեն կարող իրենց վերջնական նպատակին հասնել: