կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 22:01
Քաղաքական

Սերժ Սարգսյանն իր ասելիքն արդեն ասել է

Սերժ Սարգսյանն իր ասելիքն արդեն ասել է

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում հստակ երևում է, թե ինչպես է Աստանայում ԵՏՄ հիմնադրման պատմական հանդիպմանը մասնակցող ՀՀ նախագահն անակնկալի գալիս, անթաքույց զարմանում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության այնպիսի նախապայմանից, որպիսին մեր երկրի առջև դրվել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելիս: Այն է` Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա միայն ՄԱԿ-ում ամրագրված իր տարածքային սահմաններով, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ի սկզբանե Հայաստանի հետ մեկ միասնական տնտեսական տարածքի մաս, չի կարող հավակնել ԵՏՄ-ում տնտեսական ներգրավման:

 

Տեսանյութերից հստակ երևում է նաև մեր նախագահի շփոթմունքը, Նազարբաևին արձագանքելու նրա վայրկյանական վարանումը: Սակայն ամբողջ այդ անհաճո կադրերում զարմանալին ոչ թե ՀՀ նախագահի շփոթմունքն է, այլ անկեղծ զարմանքը: Այո, դա զարմանալի զարմանք է, որովհետև հստակ ցույց է տալիս, որ հայաստանյան պատվիրակությունն Աստանա է մեկնել այնքան անպատրաստ, այնքան փնթի, որ որևէ մեկի մտքով չի էլ անցել այն բանի հավանականությունը, ինչն իրականություն դարձավ Ղազախստանի նախագահի շուրթերով:

 

Դեռ չխոսենք այն մասին, որ եթե հայոց դիվանագիտությունն ու, ինչու ոչ, հետախուզությունը իրենց բարձունքի վրա լինեին, նախ կկռահեին, ապա նաև նախօրոք բացահայտած կլինեին Ադրբեջանի նախագահի պարզունակ քայլը` նամակով իր ղազախ գործընկերոջը դիմելը, որպեսզի վերջինս այդ պատմական պահին հնչեցնի Ալիևի կարևորագույն վերապահումը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

 

Բայց եթե հայ դիվանագիտությունն ինչպես միշտ ավանակի ականջում քնած է, իսկ անվտանգության մարմիններն` անգործության մատնված, ապա ի՞նչ էր անում հայ քաղաքական վերնախավը, ի՞նչ էր անում հայ քաղաքագիտական միտքը, որով այնպես պարծենում են իշխանական շարմազանովներն ու աշոտյանները. նրանք մի՞թե պարտավոր չէին Ադրբեջանի այդ քայլը կանխատեսել և համարժեք արձագանք նախապատրաստել դրան:

 

Մինչդեռ Հայաստանի նախագահի շփոթմունքն ու զարմանքը վկայում են, որ մերոնք հերթական անգամ նսեմացած քարշ են գալիս իրադարձությունների հետևից, ոչ թե կանխատեսում կամ գոնե արժանապատվորեն դիմագրավում են դրանց:

 

Ի դեպ, խնդրի վերաբերյալ իր վերաբերմունքն է արդեն հրապարակել ԼՂՀ կառավարությունը, իսկ ահա հայրենի կառավարությունը բերանը ջուր առածի վաղեմի սովորույթով պապանձվել է, հավանաբար, սպասում է, թե ինչ կասի երկրի նախագահը: Իսկ երկրի նախագահն իր ասելիքն արդեն ասել է, ասել է Աստանայում… ոչինչ չասելով:

 

Բ. Գասպարյան