Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգեւաբաշխման արարողություն:
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը եւ ողջ հոգեւորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, նշեց, որ Ս. Ղեւոնդյանց տոնը հնարավորություն է ընծայում ամենքին ոգեշնչվելու նրանց օրինակով, ուրախանալու ձեռքբերումներով ու հաջողություններով եւ լիցքավորվելու Մայր Աթոռի կենարար շնչով:
Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական պարգեւաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ եւ արդյունավոր ծառայության ու վաստակի` Վեհափառ Հայրապետը արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին:
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Պետրոսյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը, Մայր Աթոռի Հառիճի «Թրբանճյան» ընծայարանում սպասավորող Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Մակարյանը, Կալկաթայի մարդասիրական ճեմարանում ծառայող Արժանապատիվ Տ. Արծրուն քահանա Միքայելյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Բարսեղյանը, Տ. Նահապետ քահանա Կարապետյանը, Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը եւ Տ. Մամբրե քահանա Ոսկանյանը, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ. Մաշտոց քահանա Հմայակյանը, Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը, Վիրահայոց թեմից Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը, Տ. Նարեկ քահանա Տիգրանյանը եւ Տ. Գեւորգ քահանա Ասատրյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը եւ Տ. Հովհաննես քահանա Գրիգորյանը, Կանադայի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը, Տ. Հրանտ քահանա Մարգարյանը եւ Տ. Հայարի քահանա Թանաշյանը, Բուլղարիայի հայոց թեմից Արանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը:
Նորին Սրբությունը նաեւ ծաղկյալ փիլոն կրելու իրավունք շնորհեց Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Գալստյանին, Տ. Փավստոս քահանա Սարգսյանին եւ Տ. Նշան քահանա Պանֆյորովին, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Ծատուրյանին եւ Տ. Մաշտոց քահանա Բաբայանին, Գուգարաց թեմից Արանապատիվ Տ. Սողոմոն քահանա Ավետիսյանին, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Պատուրյանին եւ Տ. Մուշե քահանա Վահանյանին, Ուկրաինայի Հայոց թեմից Արժանապատիվ Տ. Մկրտիչ քահանա Գրիգորյանին, Տ. Նարեկ քահանա Ամիրյանին եւ Տ. Ներսես քահանա Շահնազարյանին, Եգիպտոսի հայոց թեմից Արանապատիվ Տ. Հակոբ քահանա Հակոբյանին, Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանին:
Պարգեւաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Ս. Ղեւոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ Ս. Ղեւոնդ երեցի եւ նրա ուխտակիցների հիշատակի տոնախմբումն առիթ է տալիս խորհրդածության եւ անդրադարձի հայ եկեղեցականի կերպարի շուրջ, նրա կոչման ու առաքելության իսկության վերաբերյալ:
«Ղեւոնդ երեցը Տիրոջ Ս. Սեղանի սպասավոր էր, ինչպես այստեղ ներկա ձեզանից յուրաքանչյուրը: Խոնարհ նվիրյալ, որի կրծքի տակ բաբախում էր Աստծո եւ հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված սիրտը: Այս սերն ու սեփական կյանքը Տիրոջ օրինակով իբրեւ փրկագին հանուն ժողովրդի վճարելու աներկբա պատրաստակամությունն էին, որ Տիրոջ նվիրյալ սպասավորի խոնարհությունը վերափոխեցին անօրինակ ուժի, հնազանդությունը` օրհնյալ ըմբոստության, մղեցին հավատը վահանի վերածելու եւ կենսապարգեւ խաչը դատապարտության սուսեր դարձնելու ընդդեմ հակառակորդների հայոց ազգի, նրա հավատի եւ արժեքների», - ասաց Վեհափառ Հայրապետը` համոզում արտահայտելով, որ հայոց պատմության մեջ Ս. Ղեւոնդյանց ընդվզումով սկսված պատերազմը երբեք չդադարեց, այլ շարունակվեց դարերի մեջ:
«Մեր ժողովուրդը եւ հայ եկեղեցականը, մեր Եկեղեցին այսօր էլ կանգնած են սեփական ազգային-հոգեւոր արժեքների պաշտպանության դիրքերում, քանի դեռ չեն դադարում հարձակումները մեր ազգային, հոգեւոր ինքնության վրա, անհանգստացնող երեւույթներ, որոնք խաթարում եւ խեղում են հազարամյակներով կերտված ու հղկված արժեհամակարգը: Սակայն սա երբեք չի նշանակում սահմանափակում, ներպարփակում կամ անհանդուրժողականություն: Հայը եւ հայկականը երբեք այդպիսին չեն եղել, ընդհակառակը` առաջագնացն են եղել ազատամտության, լայնախոհության եւ բարի գործոց մեջ», - ընդգծեց Հայոց Հովվապետը:
Վերհիշելով Եղիշե վարդապետի խոսքը, թե «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնունդը»` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց միաբանության պահպանությունը հասարակական կյանքում` հավելելով, որ ազգային, պետական եւ եկեղեցական կյանքում կարող են արձանագրվել բարի արդյունքներ, եթե առկա է միաբանությունը:
«Միաբանության մեջ է մեր ժողովուրդն անպարտելի, մեր հոգեւոր դասի միաբանության մեջ է Եկեղեցին հաղթական հոգեփրկչական իր առաքելության մեջ: …Բազում են մարտահրավերները, նվազ վնասաբեր չեն 21-րդ դարի գայթակղություններն ու փորձությունները: Այս ամենը մեզ պետք է մղի առավել զգոն լինելու, ավելի աշխույժ եւ ժրաջան մեր ծառայության մեջ: Անհոգնաբեկ, հանձնառության աննկուն ոգով պիտի մեր սպասավորությունը բերեք մեր ժողովրդի հոգեւոր կյանքի պայծառության համար: Մենք մեր ժամանակի պատասխանատուներն ենք, հոգեւոր տեսուչները: Յուրաքանչյուրիդ ծառայությամբ է այսօր պայմանավորված ամեն մի հայի, հայոց պետականության ապագան: Մեր համոզումն է, որ հոգեւոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել», - ասաց Նորին Սրբությունը` հորդորելով հոգեւոր դասի ներկայացուցիչներին նվիրումով, կոչման բարձր գիտակցությամբ իրականացնել իրենց ծառայությունը մեր ազգին եւ հայրենիքին:
Վերստին շնորհավորելով եկեղեցականներին Ս. Ղեւոնդյանց տոնի ուրախ առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ Ս. Հոգու առաջնորդությունը եւ զորակցությունը իրենց դժվարին առաքելության մեջ: