կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 18:00
Քաղաքական

Արագածոտնի ՔՊ-ականների հերթական ճղճիմությունը․ դարձյալ տապալել են Վարդենիսի դպրոցի տնօրենի ընտրությունը

Արագածոտնի ՔՊ-ականների հերթական ճղճիմությունը․ դարձյալ տապալել են Վարդենիսի դպրոցի տնօրենի ընտրությունը

Մայիսի 25-ին արձանագրվել է Արագածոտնի մարզի Ապարանի Վարդենիս գյուղի Զարիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի հերթական տապալված ընտրությունը։ Այն ոչնչով չի տարբերվել նախորդներից․ այս անգամ եւս Արագածոտնի փոխմարզպետ, նախկին կարկառուն ՀՀԿ-ական Էդգար Փարվանյանի սրտի թեկնածուն՝ Զ․ Հակոբյանի անվան դպրոցի տնօրենի ժպ Անուշ Պապիկյանը, չի հասցրել ձեռք բերել տնօրենի ընտրությանը մասնակցելու համապատասխան հավաստագիրը։

Այս ընտրությանը դարձյալ միակ թեկնածուն դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մակարյանն է եղել, որին աշխատանքից ազատել էին առանց պատճառի՝ հարկ չհամարելով անգամ ըստ պատշաճի ծանուցել։ Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ Փարվանյանը կադրային ջարդ է սկսել Ապարանի դպրոցներում եւ նույն մշակված ծրագրով խաթարել Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշխատանքները, որպեսզի այստեղ էլ տնօրենի պաշտոնում անցկացնի իր ցանկալի թեկնածուին։

Ընտրության ժամանակ Ռուզաննա Մակարյանը, լինելով միակ թեկնածուն, ձեռք էր բերել 5 կողմ ձայն՝ ծնողական խորհրդի, մանկավարժական խորհրդի եւ համայնքապետարանի կողմից։ Մեր տեղեկություններով՝ նախարարության ներկայացուցիչների եւ մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամները այս անգամ էլ են լուռ նստել՝  որեւէ հարցադրում չանելով, ապա առանց պատճառաբանության դեմ են քվեարկել Ռուզաննա Մակարյանին ու հեռացել։

Ըստ մեր աղբյուրի՝  ԿԳՄՍ-ի եւ մարզպետարանի ներկայացուցիչները միտումնավոր տապալում են տնօրենի ընտրությունը, այդպիսով՝ ժամանակ ձգում, որպեսզի Անուշ Պապիկյանը հասցնի ձեռք բերել հավաստագիր ու մասնակցի ընտրությանը։

Նախորդ հրապարակումներում գրել էինք Անուշ Պապիկյանի ով լինելու մասին։ Նա ոչ մի առնչություն չունենալով Զալիբեկ Հակոբյանի անվան դպրոցի հետ՝ փոխմարզպետի հովանավորչությամբ դառնում է ժպ: Անուշ Պապիկյանն անձամբ հայտարարել է, որ տնօրենի պաշտոնում ընտրվելու և աշխատելու հավաստագիր չունի։ Տեղեկանալով, որ ծնողներն ու աշակերտները դեմ են իր նշանակմանը, նա առաջին օրվանից ծնողների և ուսուցիչների ներկայությամբ հայտարարել է, որ, ուզեն, թե չուզեն, ինքն է լինելու տնօրեն։ ՔՊ-ականների հովանավորչությամբ տնօրենի պաշտոն ստացած Անուշ Պպիկյանի ցինիզմն այն աստիճանի է, որ նախկին ժպ-ի՝ Ռուզաննա Մակարյանի իրավունքները պաշտպանող ուսուցիչներին սպառնացել է աշխատավարձերը պահել կամ աշխատանքից ազատել։

Լ․Ս․

Տե՛ս նաեւ՝

ՔՊ-ական խունտայի հերթական «զոհը»․ Վարդենիսի դպրոցի տնօրեն ժպ-ն պատահաբար է իմացել, որ ազատված է աշխատանքից

Նախկին ՀՀԿ-ականի ՔՊ-ական խրախճանքները. կադրային ջարդ՝ Ապարանի դպրոցներում