կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 16:22
Հասարակություն

«Իրեն մի կերպ դուրս է հանել հաստոցից ու քայլել դեպի հարեւան տեխնիկաները»․ պատմում է Սոթքում վիրավորվածի հորեղբայրը

«Իրեն մի կերպ դուրս է հանել հաստոցից ու քայլել դեպի հարեւան տեխնիկաները»․ պատմում է Սոթքում վիրավորվածի հորեղբայրը

Սոթքի հանքավայրում մայիսի 7-ին թշնամու կրակոցից վիրավորված 35-ամյա հորատող Արմեն Մաթեւոսյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, նրա վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վիրավորի հորեղբայրը՝ Զինավուր Մաթեւոսյանը։

«Գնդակը վնասել էր ուսը, ներքին օրգանները չէր վնասել, սակայն եթե գնդակը միլիմետրի տարբերությամբ աջ գնար, կկպներ սրտին, եթե մեկ միլիմետր ձախ շարժվեր, կվնասեր զարկերակը։ Բժիշկներն ապշած էին, թե ինչպես գնդակը չի վնասել իր ներքին օրգանները։ Բավականին բարդ վիրահատություն եղավ, Աստծու կամոք փրկվել է, կարելի է ասել հրաշք է տեղի ունեցել»,- նշեց Զինավուր Մաթեւոսյանը։

Հորեղբայրն ասաց, որ դեռ հայտնի չէ՝ երբ կկազդուրվի իր զարմիկը, քանի որ վերքը շատ խորն է։

Վիրավորի հորեղբայրը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Նրա խոսքով՝ իր զարմիկը վիրավորվել է 15։30-ի սահմանում, սակայն մինչ այդ էլ հանքավայրի ուղղությամբ կրակոցներ հնչել։

«Իրենք ընդմիջում են արել, հետո եղբորս տղան գնացել է իր տեխնիկայի դիմապակիները մաքրելու, որ վերսկսի աշխատանքը։ Աշխատանքները սկսվել են, ինքը կանգնած է եղել՝ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացրած հորատաձողի վրա, ու այդ պահին իրեն կրակել են»,- պատմեց վիրավորի հորեղբայրը։

Հորեղբոր խոսքով՝ նա գիտակցությունը չի կորցրել, ուժեղ հարված է զգացել ուսին եւ արյունը տեսնելով է հասկացել է, որ վիրավորվել է։

«Ինքը հասցրել է իրեն մի կերպ դուրս հանել հաստոցից, որ արնաքամ չլինի ու մի քանի քայլ է արել դեպի հարեւան տեխնիկաները, այդտեղից էլ արդեն նկատել են իրեն, բարձրացրել մեքենան ու հեռացրել տարածքից»,- նշեց Զինավուր Մաթեւոսյանը։

Զինավուր Մաթեւոսյանը եւս աշխատում է Սոթքի հանքավայրում։ Հիմա նրա խոսքով՝ հայկական կողմի հատվածն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական տեսադաշտում եւ շատ մոտ է նրանց։

«Հատկապես, որ մեր աշխատանքները տեղի են ունենում մութ փոսի մեջ, իսկ իրենք էլ բարձունքներում են, առավելություն է իրենց համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին թշնամին ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հանքի ուղղությամբ։ Դրա հետեւանքով վիրավորել է հանքավայրի աշխատակիցը։